Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում բարձրացրեց նաիրիտցիների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հարցը և պատկան մարմիններին հորդորեց լուծել նրանց աշխատավարձերի հարցը:  Նա հայտարարեց, թե «Նաիրիտ» գործարանի հարցը տարիների պատմություն ունի, բայց դեռևս ոչ մի լուծում չի ստանում:

«Այսօր ևս մեկ անգամ պահանջատեր լինելով` նաիրիտցիները` մեր երկրի քաղաքացիները, լիահույս լինելով, հանդիպել էին ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող պատգամավորների հետ՝ ակնկալելով, որ մեկ անգամ ևս ԱԺ բարձր ամբիոնից իրենց խնդիրների մասին կբարաձայնեն: Նման խնդիրները հետաձգելով, չլուծելով` ոչ մի լավ բան չենք կարող ունենալ: Մեր երկրում ավելանում է դժգոհության միջավայրը, արտագաղթի ճանապարհը: Պարտավորված լինելով քաղաքացիների նկատմամբ, որ խնդրին շուտափույթ լուծում տան՝ ես այս ամբիոնից դիմում եմ պատկան մարմիններին», – նշեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված իրադարձություններից մեկին և նշեց. «Հունվարի 1-ից ԵՏՄ անդամ երկրների օդանավակայաններում անմաքս գոտիներ կան, ավելի հայտնի՝ «դյութի ֆրի» անունով: Պարզվում է, որ ՀՀ օդանավակայանից մեկնելիս մեր ժողովուրդի ներկայացուցիչները կարող են անմաքս ապրանքներից օգտվել, բայց հետ վերադառնալու դեպքում չեն կարող: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»:

Նշենք, որ զավեշտալի միջադեպ գրանցվեց, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ձայնը տալիս էր ԲՀԿ-ական պատգամավորին: ԱԺ նախագահը մի քանի անգամ չկարողացավ արտասանել պատգամավորի ազգանունը, որից հետո էլ Էնֆիաջյանը շնորհակալություն հայտնեց` վերջապես այն արտասանելու համար:




Լրահոս