Ադրբեջանցիները չեկան, քանի որ չէին ուզում հայտնվել այդ կարևոր հարթակում. Ռուզաննա Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ շաբաթ Հայաստանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության խորհրդարանական «Եվրանեսթի» 4-րդ լիագումար նիստը: Այն շատ լավ էր կազմակերպված, բարձր մակարդակի ջերմ ընդունելություն. այսպես գնահատեցին մեզ մեր հյուրերը: Այս փաստը մենք պատվով արձանագրեցինք: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Նա նշեց, որ պատմական պահ էր մեզ համար, քանի որ Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ Եվրանեսթի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվեց:

«Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները` ԵՏՄ-ԵՄ-ը կողմնորոշման գործընթացում: Ինչպես նշեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը՝ մեր արտաքին քաղաքականության շնորհիվ իրականում մենք պատրաստ ենք ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև կամուրջի դեր ունենալ, որով էլ կբարձրանա տարածաշրջանում մեր դերը: Այս փաստն էլ մենք հպարտությամբ արձանագրեցինք»,- նշեց պատգամավորն ու անդրադաձավ Ադրբեջանի` նիստին չմասնակցելուն:

«Հատկանշական է, որ Ադրբեջանը չմասնակցեց նիստին, ինչպես որ կարելի էր սպասել: Սա, թերևս, կրկին բացահայտում է նրանց իրական դիմագիծն ու հակահայկական գործելակերպը, միաժամանակ նաև մեր եվրոպացի գործընկերների մոտ բացահայտում նրանց ոչ քաղաքակիրթ տեսակը: Չեկան, որովհետև չէին ուզում հայտնվել մարդու իրավունքներ, ժողովրդավարություն քարոզող այս կարևոր հարթակում՝ չկրելով այդ արժեքները: Իհարկե, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մենք այս հարթակը չէինք վերածելու քարոզչության կամ ատելություն սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Բաքվում, երբ մեր պատվիրակությունն էր մասնակցում նիստին: Պարզ է, որ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու համար, Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար», – եզրափակեց պատգամավորը:




Լրահոս