Պատրաստ եմ ցավեցնել պաշտոնյա գործընկերներիս. Արմեն Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը, ով հեռացավ զբաղեցրած պաշտոնից նոր գլխավոր դատախազի` Գեւորգ Կոստանյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե իր համար պաշտոնը չի կարող լինել ինքնանպատակ: Արմեն Դանիելյանն առայժմ որեւէ պաշտոնի չի նշանակվել:

-Պարո՛ն Դանիելյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ որեւէ պաշտոն չեք զբաղեցնում, ապագայի ի՞նչ պլաններ ունեք, նոր աշխատանքի առաջարկություններ կա՞ն:

-Ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որոնք մշտապես զբաղված են, այսինքն` ես էությամբ պրպտող եմ: Գիտությամբ զբաղվելն իմ տարերքն է, իմ անցյալը, ներկան եւ ապագան: Իսկ առայժմ աշխատանքում դեռեւս ոչ մի փոփոխություն չկա, չնայած եղել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք ես մերժել եմ:

-Ինչո՞ւ, այդ առաջարկությունները Ձեր սրտով չէի՞ն:

-Բնավ էլ ոչ: Ես ինքս բավանակին երիտասարդ տարիքում զբաղեցրել եմ բարձր պաշտոններ, եւ իմ փորձն ինձ հուշում է, որ պաշտոնը չպետք է լինի ինքնանպատակ: Այն պետք է լինի նպատակային, որպեսզի կարողանաս քեզ բավարարված զգալ: Համենայն դեպս, ինձ հետ աշխատելը անչափ դժվար է եւ նույնչափ հեշտ:

Դժվար է այն իմաստով, որ ինքս կաշկանդված չեմ ոչ մի հարցում, չունեմ վախի զգացողություն եւ պատրաստ եմ «ցավեցնելու» այն պաշտոնյա գործընկերներիս, ովքեր իրենց աշխատանքին «լրջությամբ» չեն վերաբերվում: Իսկ հեշտ է նրանով, որ երբեք չեմ «ստիպի» կամ պահանջի, որպեսզի ինձ ենթակա պաշտոնյաները դրսեւորեն ոչ իրավաչափ կամ անարդարացի վարքագիծ:

-Այսինքն՝ ստացվում է, որ Դուք անսխալական պաշտոնյա՞ եք եղել:

-Կտրուկ ասեմ՝ ո՛չ: Իհարկե, ես չէի կարող թերություններից եւ սխալներից հեռու մնալ: Եվ դա այն պարզագույն պատճառով, որ ամեն օր կայացնում էի լրջագույն որոշումներ: Սակայն հավատացած եղեք, նույնիսկ սխալ կամ թերի որոշում կայացնելու մեջ եղել է մեծ համարձակություն եւ սկզբունքայնություն: Երբեք չեմ հավակնել լինել ամենաճշմարիտը, չնայած կուզենայի այդպես լիներ (ծիծաղում է Ս.Գ.):

Մշտապես եղել եմ համառ, կարծիքս ներկայացրել եմ անկախ նրանից ոմանց սրտով է, թե ոչ: Ես ատում եմ երկչոտությունը: Դատախազության կոլեգիայի նիստերը դարձրել եմ անհանգիստ բառիս ուղիղ իմաստով. ինձ համար չեն եղել կարեւոր եւ ոչ կարեւոր հարցադրումներ: Մշտապես քննարկելի եմ դարձրել այնպիսի խնդիրներ, որոնք երբեմն եղել են աննկատ, բայց պրակտիկայում խոչընդոտներ հարուցող: Չկար մի հարցադրում, որի վերաբերյալ կարծիք չներկայացնեի:

-Բայց այդքանով հանդերձ` Դուք այսօր այդ համակարգում չեք, ինչո՞ւ: Ի՞նչ անարդարությունների հետ եք բախվել, որ չեք ցանկացել շարունակել Ձեր աշխատանքը այդ համակարգում:

-Նախ՝ իրավապահ համակարգում աշխատող յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում նաեւ ինքս, ակամայից առերեսվել եմ անարդարությունների հետ: Հավատացեք՝ հերոսություն չէ լինել արդարամիտ եւ կայացնել իրավաչափ որոշումներ: Սա փոքր երկիր է, եւ մեկս մյուսին ազգական կամ բարեկամ ենք, ուստի անհարկի միջնորդությունները բավականին շատ են: Երբ կայացրել եմ որոշումներ, առաջնորդվել եմ հավատով եւ խղճով՝ գործել բացառապես օրենքով: Եվ երկրորդ՝ իսկ ո՞վ ինձ պետք է ստիպեր լինել անարդար: Ես նշանակվել եմ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ նախագահի խոսքն ու հանձնարարականներն ինձ համար եղել են արժեքավոր պատգամներ, որոնք ես կատարել եմ կամ պահպանել հարյուր տոկոսով:

-Այդ դեպքում ինչո՞ւ չգնահատվեց Ձեր աշխատանքը:

-Անհամեստ չէի ցանկանա լինել եւ ինքս ինձ գնահատել: Նույնիսկ եթե փորձեմ գնահատել ոչ թե իմ աշխատանքը, այլ իմ էությունը, ապա ասեմ, որ ես բոլոր հարցերում, լինի գործնական, աշխատանքային, անձնական եւ այլն, մշտապես ձգտել եմ հնարավորինս լինել անխոցելի, կատարյալ: Իսկ աշխատանքային գործունեությունս անշուշտ գնահատվել է իմ ղեկավարների կողմից, եւ ես անկեղծորեն շնորհակալ եմ: Ի դեպ, նույնիսկ բանավոր նկատողություն չեմ ստացել: Ամենալավը դեռ առջեւում է, համոզված եմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս