Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահի մուտքի մոտ թեթեւ լեզվակռիվ եւ հրմշտոց սկսվեց ոստիկանների ու տաքսու վարորդների միջեւ: Պատճառն իմանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց տաքսու վարորդներից մեկին, որը զգուշանալով ասաց. «Ա՛յ բալա, սրտիս եղածը կբացեի, բայց դե մեզ հետ գործ չունես, մի կտոր հաց ենք աշխատում, քթներիցս կբերեն: Հո առաջին անգա՞մը չէ, միշտ էլ էսպես կոպիտ են վարվում: Քաղաքավարություն են խաղում իբր, չեն թողնում ուղեւորներին մոտենանք, ծառայենք»: Այնուհետեւ նույն հարցով դիմեցինք օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցներին: Նրանք մեկնաբանեցին, որ տաքսու վարորդներն ապօրինի գործունեություն են իրականացնում: «Նրանք առանց լիցենզիայի են տաքսի վարում: Իսկ մենք դա թույլ տալ չենք կարող, քանի որ մենք օրինապահ մարմիններ ենք»,-ասաց լեյտենանտ Ալլան՝ խուսափելով նշել իր ազգանունը:
Իրականում կռվի պատճառն այն էր, որ տաքսու վարորդները մատուցում են էժան ծառայություն եւ դրանով «խփում» արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի բիզնեսին: Իսկ «Զվարթնոց»-ի սեփականատիրոջը պատկանող «ALEX» տաքսի ծառայությունն ուղեւորափոխադրումը կատարում է կմ-ը 250 դրամով՝ 100-ի փոխարեն:
ՕԳՆԵՆՔ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ