Մարտի 25-ին լրանում է Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցը: Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թվականի մարտի 25-ին՝ կյանքի 56-րդ տարում:
Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, Երևանում: Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թվականներին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թ.-ից: 1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով:
1992թ.-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամը, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը. 1993-1997 և 1998-2005թթ’ ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև’ ԵԿՄ վարչության անդամ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան» «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով: