Ինչո՞ւ չի պարզաբանվում, թե ինչի՞ թանկացման արդյունքում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարց են բարձրացնում, այդպես էլ հստակ չի պարզաբանվում, թե անցած ժամանակահատվածում ինչն է այդքան կտրուկ թանկացել, որ անհրաժեշտ է էլէներգիայի սակագինը բարձրացնել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներով Հայաստանի սպառողներին մատակարարվող էլէներգիան հիմնականում մատակարարում են վեց ընկերություններ եւ փոքր ՀԷԿ-երը:

Ըստ այդմ, ՀԱԷԿ-ից էլէներգիան ՀԷՑ-ը գնում է 5,7 դրամ կվտ/ժ, Երեւան ՋԷԿ-ից` 18,1 դրամ կվտ/ժ, Սեւան-Հրազդան կասկադից` 2,1 դրամ կվտ/ժ, Որոտանի ՀԷԿ-ից` 8 դրամ կվտ/ժ, փոքր ՀԷԿ-երից` 21,8 դրամ կվտ/ժ, Հրազդան ՋԷԿ-ից` 36,9 դրամ կվտ/ժ եւ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից` 40,1 դրամ կվտ/ժ: Այսինքն՝ էլէներգիայի թանկացման համար Հայաստանի սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին, որոնցից առաջինը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերությանը, իսկ երկրորդը՝ կրկին ռուսական «Գազպրոմ Արմենիային»:

Ու թեեւ այդ երկու ՋԷԿ-երի արտադրած եւ առաքած էլէներգիան, օրինակ, անցած տարի կազմել է Հայաստանի ընդհանուր պահանջարկի 32,4 տոկոսը, այնուամենայնիվ, հանուն նրանց սակագինն անընդհատ բարձրացվում է: Իսկ ինչու այդ ՋԷԿ-երը չեն գործում Երեւան ՋԷԿ-ի սխեմայով, որը օգտագործում է իրանական գազ, որի դիմաց վճարում է արտադրած էլէներգիան: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Հայաստանի բնակչությանը խաբելու եւ հարստահարելու համար: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները աշխատավարձ են ստանում Հայաստանի հարկատուների հաշվին, բայց երբեւէ այդ կառույցը ՀՀ սպառողի շահը չի սպասարկել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս