«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի վերջին խանութն էլ կփակվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին սնանկացավ «Սթար» սուպերմարկետների ցանցը, որը, ըստ դատական վճիռների, 10 մլրդ դրամի պարտքեր ուներ տնտեսվարողներին: Այս մարդիկ մինչ օրս չեն ստացել իրենց գումարները: Ներկայում նոր «քցոցի» է սկսվել: «Մոսկվիչկա» առևտրային ցանցի տասնյակ մատակարարներն ամեն օր գալիս են «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի գրասենյակի մոտ, հերթ կանգնում: Նրանք բոլորն իրար դեմքով ճանաչում են: Ոչ մի հույս չկա, որ գործարարների կորուստները կվերականգնվեն: «Մեծածախ առեւտրի ոլորտում մենք շատ ժամանակ աշխատում ենք ազնիվ խոսքին ապավինելով, քանի որ չկան կորուստներից երաշխավորելու իրավական մեխանիզմներ»,- ասում է «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերից մեկը՝ գործարար Լևոն Ֆարմանյանը, որը զբաղվում է կաթնամթերքի ներմուծմամբ եւ մեծածախ առեւտրով: Նա վստահեցնում է, որ իր տարեկան շրջանառության մոտ 10 տոկոսը կորցնում է անբարեխիղճ բիզնեսի պատճառով, եւ այս իրավիճակը համատարած է: «Ես ունեմ մի տասնյակ սուբյեկտների հետ կապված դատական վճիռներ, որոնցով սահմանված է բռնագանձում, բայց հնարավոր չէ բռնագանձում իրականացնել, որովհետև հարկադիրն ասում է՝ չկա այդ սուբյեկտը կամ էլ ունեցվածք չունի,- պատմում է գործարարը: – Կան դեպքեր, երբ մարդիկ մատակարարված ապրանքի դիմաց պարտքը չեն վճարում, անհետանում են, գոլորշիանում են: Եթե բանկը, օրինակ, տալիս է վարկ, ապահովում է այն գրավով, երաշխավոր է պահանջում, ունի պրոֆեսիոնալ անձնակազմ, գրագետ մոտեցում, բազմաթիվ լծակներ, նաեւ օրենսդրություն: Իսկ բիզնես դաշտում, բավականին սուր մրցակցության պարագայում, եթե որևէ սուբյեկտ փորձի խանութին թելադրել իր պայմանները, նրան անմիջապես կասեն՝ կներեք, դուք գնացեք, ուրիշը կգա, ինձ կխնդրի: Էս դաշտում մենք խնդրողի դերում ենք, քանի որ մեզ պետք է իրացման շուկա»:

Արդյոք հնարավոր չէ՞ պարտքերն ստանալ դատական ճանապարհով:

– Ցավոք, դատական գործընթացը ոչինչ չի տալիս: Դրա արդյունքում տվյալ ձեռնարկությունը ճանաչվում է սնանկ, բայց, որպես կանոն, երբ որ բանը հասնում է սնանկության, այդ պահին նա այլեւս ունեցվածք չի ունենում, և վերջ, գնաց ու կորավ: Մի ՍՊԸ կար, որը ժամանակին աշխատում էր Պռոշյան 2 հասցեում: Հիմա այստեղ այլ սուբյեկտ է աշխատում: Իմ խորին համոզմամբ, այնտեղ կար խարդախության փաստ: Իմանալով հանդերձ, որ դատական հեռանկարում ոչինչ չեմ ստանալու, դիմեցի դատախազություն, հիմնավորելով, որ այստեղ կա առնվազն խարդախություն: Ստացա քրգործ հարուցելու մերժում: Բանից պարզվեց, որ կա վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռ, որ իրավաբանական անձանց միջև տնտեսական վեճերը կարող են միայն քաղաքացիաիրավական հարթությունում լուծում ստանալ: Վճիռը, փաստորեն, պաշտպանում է կրիմինալը պատժից: Այս սողանցքը շատերի կողմից օգտագործվում է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս