Խորհրդարանում շարունակվում է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի 2015թ. ծրագրի ներկայացումը: Այժմ պատգամավորները հարցեր են ուղղում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Իր հարցն ուղղեց նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նախ հիշեցրեց, որ Շաբոյանը վերանշանակվել է իր պաշտոնում այս տարի, որից հետո սկսեց տվյալներ ներկայացնել Հայաստանում ներկրման մոնոպոլիայի հետ կապված:
«2015թ. մարտի 2-ի դրությամբ Երևան քաղաքում շաքարավազն արժեր 395 դրամ, իսկ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` 262 դրամ: Ձեր կարծիքով, ինչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ Հայաստան շաքարավազ ներկրում է մեկ անձ և այդ անձը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է», – նշեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանն այնուհետև հետաքրքրվեց, թե Շաբոյանն արդյոք ուսումնասիրել է , թե ինչ կապ ունի այս փաստը Սերժ Սարգսյանի` 2014թ. հունվարի 19-ին Չեխիայի մայրաքաղաքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արված հայտարարության հետ:
«Երբ հարցրել էին, թե ինչու է շաքարը Հայաստանում մեկ մարդ ներկրում, Ս. Սարգսյանը պատասխանել էր` «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»: Ես հիմա ձեր ծրագիրն եմ կարդում և տեսնում եմ, որ դուք պետք է պայքարեք պետական հովանավորչության դեմ: Հիմա այս փաստն ինչպե՞ս եք մեկնաբանում», – հետաքրքվեց պատգամավորը:
Փաշինյանն այնուհետև նշեց, որ Ավստրիայում բանանը վաճառվում է 500 դրամով, իսկ Հայաստանում` 1300: «Ինչ կապ ունի այս հանգամանքն այն փաստի հետ, որ Հայաստանում կա բանանի մենաշնորհ, և այն պատկանում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին», – նշեց նա, և հետաքրքրվեց, թե արդյոք ուսումնասիրվել են այն փաստերը, որ առանց Սերժ Սարգսյանի և Միհրան Պողոսյանի «դաբրոների» Հայաստան շաքար և բանան չեն ներկրում:
Ի պատասխան Արտակ Շաբոյանը նշեց, որ այդ հայտարարույթուններն իրականությանը չեն համապատասխանում և անհեթեթ են: «Մեր կառույցի համար բացարձակ նշանակություն չունի տնտեսվարողների կարգավիճակը», – վստահեցրեց Շաբոյանը: Նա վստահեցրեց, որ այս երկու ոլորտներն էլ իրենց վերահսկողության տակ են գտնվում և նույնիսկ գերիշխող դիրքի չարաշահման համար «Քեթրին գրուպ»-ին ենթարկել են պատասխանատվության:
Ապա Փաշինյանն արձագանքեց և ներկայացրեց շաքարի և բանանի գներն այլ երկրներում: «Հիմա դուք ձեզ թույլ եք տալիս որակումներ տալ, եթե դուք ձեզ լսեիք կողքից, այն ժամանակ կիմանայիք անիմաստը որն ա, անհեթեթը որն ա: Հիմա ես ձեզ որ ըտեղ նայում եմ, հասկանում եմ, որ ձեզ նշանակող մարդիկ անիմաստ են և անհեթեթ», – նշեց նա: Ի պատասխան Շաբոյանը կոչ արեց մնալ չափի մեջ, խոսել տնտեսագիտության լեզվով, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել: