ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը և պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ:
Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ Տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարում Հայաստանը առաջավոր դիրքերում է: Նա նշել է, որ այդ վարակները անհավասարության արդյունք են և հիմնականում անդրադառնում են հասարակության խոցելի և անտեսված խմբերի վրա: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում պահվող վարակակիրների և հիվանդ դատապարտյալների բուժման ընդհանուր վիճակին՝ պրոֆեսորը նշել է, որ առաջընթացը նկատելի է, և օրինակելի փորձ կարող է դառնալ քաղաքացիական կյանքում բուժման արդյունավետ շարունակականության համար:
Հանդիպմանը քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հաջողությամբ կիրառվող մեթադոնային փոխարինող բուժման արդյունքները: Այդ բուժման արդյունքում գրանցված շահառուների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, 7 անգամ մեծացել է: Կամավոր բուժման նպատակը արդյունավետ կերպով ապօրինի թմրամիջոցների կախվածությունից հիվանդին օրինական թմրամիջոցի դաշտ փոխադրումն է: Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժնի պետը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում առկա հիվանդ դատապարտյալների բուժման եղանակները՝ ընդգծելով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող դատապարտյալների մոտ տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերմանն ուղղված սիստեմատիկ ստուգումների կարևորությունը:
Հանդիպման ավարտին մտահոգիչ համարելով բուժման և կանխարգելման ծախսատարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացը կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը հիվանդությունների դեմ պայքարում առավել գործուն դարձնելը: Արձագանքելով պրոֆեսորի մտահոգությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ հիվանդությունների կանխարգելումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև դրանց երիտասարդացման բացառման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Բերելով քրեակատարողական հիմնարկների օրինակը՝ նախարարը հավաստիացրել է, որ հիվանդ դատապարտյալները ստանում են համապատասխան դեղորայքային բուժում և հոգեբանական աջակցություն: Նա փաստել է, որ հոգեբանական աշխատանքներ են տարվում նաև մյուս դատապարտյալների շրջանում, ինչը պակաս կարևոր չէ հիվանդությունների կանխարգելման և համաճարակի ռիսկերը նվազեցնելու գործում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն