Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երեւանի քաղաքապետարանի “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն եւ հայ գրատպության 500 – ամյակին, ինչպես նաեւ հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Ողջունելով եւ շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին` հաջող ելույթների եւ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար, քաղապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ երեխաները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններն ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի եւ Երեւանի պատիվը:
Ի հիշատակ հանդիպման՝ “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախմբի սաները լուսանկարվել են քաղաքապետի հետ ու ստացել հուշանվերներ: