Ո՞վ պետք զբաղվի Թալինի քաղաքապետով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում Թալինից ընտրված Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը, անդրադառնալով Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» անդամի սպառնալու դեպքին, ասաց, որ ոչ ոք իրավունք չունի բռնանալու մարդկանց:
ԱԺ պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը պնդեց, թե տեղյակ չի եղել կատարվածից. «Բայց ոչ ոք իրավունք չունի բռնանալու մարդկանց` օրենքով սահմանված կարգով քարոզներն իրականացնելուն: Եթե այդ դեպքում քաղաքապետի իրավասությունների մեջ եղել է ինչ-ինչ փաստաթղթեր պահանջելը եւ այլն, դա հարցի մյուս կողմն է»:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Առաջին լրատվական»-ին «Հիմնադիր խորհրդարանի» Թալինի տարածքային գրասենյակի ղեկավար Կարո Հովհաննիսյանը հայտնել էր, որ մարտի 18-ից իրեն հետեւում են ինչ-որ մարդիկ, իսկ քաղաքապետն էլ սպառնում է: Սկզբում նրան այցելել են ոստիկանության թաղայինները, ապա Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի վարորդն է զանգահարել եւ իրեն հրապարակ կանչել՝ ասելով, թե քաղաքապետն ուզում է խոսել Կարոյի հետ:

Հանդիպումը կայացել է, քաղաքապետը Կարո Հովհաննիսյանին հորդորել էր, որպեսզի վարձակալած բնակարանի վրայից հանվի «Հիմնադիր խորհրդարանի» պաստառը, քանի որ այն փակցնելու իրավունք չկա: «Ես էլ ասեցի՝ կհանեմ, բայց տեղեկացնեմ նոր: Ինքն էլ թե՝ ստեղ հիմնադիր խորհրդարանը չի ասողը, ես եմ ասում, եթե չհանես, կճղենք կամ բենզին կլցնենք վրեն, կվառենք»,- պատմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:

Ինչո՞ւ է քաղաքապետն ինքնիրավչությամբ զբաղվում: Այս հարցի պատասխանը ստանալու համար Armlur.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանից, սակայն վերջինս հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը:
Կատարվածի շուրջ Armlur.am-ին պարզաբանում տվեց Արագածոտնի մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Սաթենիկ Զորյանը՝ հայտնելով, որ թեեւ քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է, այդուհանդերձ նշված հարցի շուրջ քննարկում է եղել մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքապետ Սարգիս Արամյանի արարքում որեւէ արտառոց կամ անօրինակ բան չկա:

Սարգիս Արամյանը, Ս. Զորյանի խոսքով, քաղաքապետին ինչպես հարկն է, բացատրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամին, որ նրա նախաձեռնությունն օրենքի սահմաններում չէ. «Նա բնակչուհիներից մեկից վարձով բնակարան էր վերցրել, սակայն վերջում պաստառներ է փակցրել, իսկ քաղաքապետն էլ կազմակերպության ներկայացուցչին բացատրել է օրենքի պահանջը: Ըստ էության միջադեպ տեղի չի ունեցել: Նրա գործունեությունը տրամաբանության սահմաններում է եղել»:
Մարզպետարանի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ Սարգիս Արամյանը փաստաթուղթ է պահանջել, ինչը Կարո Հովհաննիսյանը չի տրամադրել:

Տաթև Հարությունյան




Լրահոս