Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով ևս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանը, իր հասարակական գործունեության շրջանակում առնչվելով տեղական ինքնակառավարման համակարգին, ծանոթ է առկա հիմնախնդիրներին և հստակ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:
“Վստահ եմ, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով և շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կշարունակի մնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը: Մեզ համար այսօր կարևոր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև վարչական շրջանի զարգացմանն ուղղված ծրագրային քայլերի իրականացման ուղղությամբ: Ակնկալում ենք արդյունավետ և բեղմնավոր աշխատանք”,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ վարչական շրջանի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր կլինեն կարճ ժամանակում լուծել և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ապահովել կայուն զարգացում:




Լրահոս