Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր Սերգեյանի եւ 36-ամյա Արամ Ղազարյանի միջեւ, որի ընթացքում Ա. Ղազարյանը “Միցուբիշի” մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նվեր Սերգեյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի հետեւանքով Նվեր Սերգեյանը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: