Անահիտ Սիմոնյանը «թխե՞լ» է Բեսսարիոնից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օր է, ինչ դադարել են խոսակցությունները մոդելավորողներ Վահան Խաչատրյանի եւ Դիանա Շատվերյանի փոխադարձ մեղադրանքների շուրջ, ըստ որոնց՝ նրանցից մեկը «անամոթաբար» կրկնել էր մյուսի աշխատանքը: «Մեղադրվող» կողմն էլ իրեն չէր կորցրել եւ հրապարակել էր մի լուսանկար, որից կարելի էր ենթադրել, որ իրենք երկուսն էլ կրկնօրինակել են օտարազգի դիզայների: Հիմա էլ նոր սկանդալ է բարձրացել, այս անգամ դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանի շուրջ, որն ըստ ոլորտով հետաքրքրվողների` կրկնօրինակում է ռուսական դիզայներ (ծագումով վրացի) Բեսսարիոն Ռազմադձեին:

«Մինչ բոլորս քննարկում ենք մեր «տաղանդավոր դիզայներ» Անահիտ Սիմոնյանին, ուզում եմ ասել, որ նա արդեն տեւական ժամանակ է` թխում է եւ հայտնիություն է ստանում տառերով շապիկների մի շարքի շնորհիվ, որը նա copy past է արել Բեսսարիոնից: Բեսսարիոն է հագնում անգամ Էվելինա Խրոմչենկոն, նրա մասին գրում են ռուսական հեղինակավոր կայքեր, իսկ «Ինստագրամ»-ի նրա էջում կան տարի ու կես առաջվա վաղեմության լուսանկարներ, որոնցից պարզ երեւում է, որ Հայկոյի կինը թխել է Բեսսարիոնի 2013-2014 աշուն-ձմեռ հավաքածուից»,-գրել է «Սկանդալիստ» անունով բլոգերը:

bessarion

 

anahit simonyan

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ, ով հավաստիացրեց, որ ինքը ոչ ոքի չի կրկնօրինակել. «Ես ինչ ստեղծում եմ, բխում է իմ հոգուց: Եթե ստեղծել եմ մի հագուստ, որի նմանը կա, դա կարող է պարզապես զուգադիպություն լինել: Իմ հավաքածուն ստեղծելուց առաջ նախկինում երբեւէ չէի տեսել Բեսսարիոնի այդ գործերը, բայց երբ համացանցում տեղադրեցի իմ հավաքածուից լուսանկար, ինձ ուղարկեցին նրա հավաքածուից ֆոտո, եւ ես տեսա, որ նա էլ ունի նմանատիպ ինչ-որ բան: Դրանից հետո զգացի, որ մի քանի հոգի փորձել են համեմատականներ տանել, եւ փոխեցի իմ զգեստների տառերի դիզայնը, ստեղծեցի իմ անձնական ոճը, որը, բնականաբար, կտարբերվեր բոլորից»,-մեկնաբանեց նա:

Անահիտ Սիմոնյանը նաեւ հավելեց, որ ինքը բամբասանքների հետեւից երբեւէ չի ընկել, եւ դրանք իրեն, առհասարակ, հետաքրքիր չեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս