ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԱՆՑԵԼ Է ՇԱՆՏԱԺԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն այլեւս չի խորշում ամեն քայլափոխի ի ցույց դնել իր դիվանագիտական անկարողությունները: Ինչպես հայտնի է, Շվեյցարիայի ԱԳ նախարարը դեռ նախորդ շաբաթ առաջարկել էր միջնորդի դեր ստանձնել՝ վերականգնելու համար Ռամիլ Սաֆարովի արտահանձման հետեւանքով  խզված հայ-հունգարական պաշտոնական հարաբերությունները:
Հայաստանի արձագանքը եղավ անմիջապես. ընդ որում Շվեյցարիայի ԱԳ նախարարին արձագանքեց ոչ թե ՀՀ ԱԳ նախարարը, այլ նրա խոսնակ Տիգրան Բալայանը: Ու դա արեց քաղաքակիրթ ձեւով՝ «գրողի ծոցն ուղարկելով» Շվեյցարիային՝ հայտարարելով, թե Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդության կարիքը չկա:
Հայաստանի դիվանագիտության մեջ չգրված օրենք կա՝ Ադրբեջանից հնչող պաշտոնյաների հայտարարություններին սովորաբար ՀՀ-ից պատասխանում են ավելի ցածր պաշտոն զբաղեցնողները. օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կամ ԱԳ նախարար Մամեդյարովին նույնիսկ ՀՀ ԱԳ փոխնախարարը չի պատասխանում, այլ, լավագույն դեպքում, ՀՀ ԱԳՆ խոսնակը կամ էլ մեկ ուրիշը (եթե, իհարկե, այնպիսի բան չեն ասել, որ Սերժ Սարգսյանը ստիպված լինի անձամբ անդրադառնալ դրան):
Ուստի Շվեյցարիայի դեպքում Հայաստանի կողմից նման վերաբերմունքը, մեղմ ասած, խոսում է ՀՀ իշխանությունների՝ դիվանագիտությունից որեւէ բան չհասկանալու կամ «գեղցիական» մակարդակի դիվանագիտություն վարելու մասին: Ընդ որում խոսքը եվրոպական մի երկրի մասին է, որի հետ Հայաստանը չի ունեցել որեւէ խնդիր: Ավելին, ժամանակին նույն Շվեյցարիան ակտիվ դերակատարում ունեցավ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» հարցում: Դժվար թե որեւէ մեկը մոռացած լինի, թե ինչպես Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, ինչից հետո Էդվարդ Նալբանդյանն իր «կլոր թշիկներն» էր դեմ տվել օտարերկրյա դիվանագետներին, այդ թվում՝ շվեյցարացի պաշտոնյային՝ թփթփացնելու ու կսմթելու համար:
Իսկ կոնկրետ հայ-հունգարական հարաբերությունների վերականգնման հարցում Հայաստանը ԱԳՆ միջոցով կարող էր այլ կերպ վարվել. փորձագետների կարծիքով՝ Հայաստանը կարող էր միջնորդական առաքելության պատրաստակամություն հայտնած Շվեյցարիայի միջոցով պարզապես նախապայմաններ դնել Հունգարիայի առաջ՝ կրկին կալանավայր վերադարձնել Ռամիլ Սաֆարովին ու ներողություն խնդրել Հայաստանից, Գուրգեն Մարգարյանի հարազատներից կատարվածի համար: Նաեւ՝ այդ կերպ Հայաստանը կստիպեր, որպեսզի միջազգային հանրությունը, ի դեմս Շվեյցարիայի, իրեն պատասխանատու զգա կատարվածի համար: Այլապես խռովկան երեխայի քաղաքականություն վարելով, Հայաստանն ընդամենը ցույց է տալիս իր անկարողությունը միջազգային ասպարեզում:
Նկատենք, որ Հունգարիայի առաջ նախապայմաններ դնելու համար բավական լավ նախադրյալներ են ստեղծվել. Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին հայտարարել էր Շվեյցարիայի միջնորդությունն ընդունելու մասին: Երեկ էլ նա ՀՀ ԱԳ նախարարին նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ իրենց քայլն ուղղված չի եղել ՀՀ-ի դեմ, որ իրենք գործել են միջազգային օրենսդրության սահմաններում, ընդ որում արտահանձնումը, ըստ Մարտոնիի, օրինականության տեսանկյունից օրինական մաքրություն ունի: Ու նաեւ կոչ է արել վերականգնել իրենց երկրի հետ բարեկամական կապերը:
Բայց, այս ամենով հանդերձ, Հունգարիայի ԱԳ նախարարը, ըստ էության, շանտաժ է արել Հայաստանին՝ ասելով. «Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»: Հետաքրքիր է՝ էլ ի՞նչ պետք է անի Հունգարիան Հայաստանի նկատմամբ, որ դեռ շանտաժ է անում մեր երկրին: ՀՀ ԱԳՆ-ն երեկվա դրությամբ չէր անդրադարձել Հունգարիայի առաջարկին. չի բացառվում, որ նրանք այդպես էլ չպատասխանեն հունգարացիներին: Ի վերջո, ջայլամային քաղաքականությունը ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանի յուրահատկությունն է: Նրանք չեն արձագանքում անգամ իրենց ուղղված ուղղակի շանտաժին:  

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս