ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ Ներսես Խաչատրյանը, որը դժգոհում էր նույն մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Հայկ Կարապետյանից: Նշենք, որ նա նախկինում դատախազի տեղակալ էր: Ներսեսի խոսքերով՝ Կարապետյանը 4 տարի է, ինչ հետապնդում է իրեն եւ առիթ է փնտրում, որպեսզի կալանավորի: Բայց իր «բախտը միշտ բերում» է:
Ն. Խաչատրյանը 2008թ. Սիսիանի հիվանդանոցում աշխատել է որպես վերստուգող. «Այդ ժամանակվանից էլ սկսվել է իմ նկատմամբ նրա թշնամությունը»: Նա պատմեց, որ այն ժամանակ Սիսիանի տարածքում զոհվել է մի քաղաքացի, որին տեղափոխել են դիահերձարան: Սակայն այն փակ է եղել, իսկ բանալին գտնվել է նույն հիվանդանոցի աշխատակից, դատաբժիշկ-փորձագետ Սարգսի մոտ, որն այդ պահին նույն դիակի հետ կապված հարցերով գտնվել է դեպքի վայրում: Ներսեսը զանգահարել է Սարգսին եւ խնդրել դիահերձարանի բանալիները որեւէ մեկի հետ ուղարկել հիվանդանոց: Այդպես էլ արվում է: Մի քանի ժամ անց Ներսեսին զանգահարում է դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանը եւ սկսում հայհոյել: «Ասաց, թե իրավունք չունես փորձագետին դեպքի վայրից կանչել: Իսկ վերջում էլ սպառնաց ինձ` ասելով, թե մի օր էլ ես կհայտնվեմ իր մոտ… Ես միշտ օրինական եմ աշխատել ու կարգապահություն եմ պահանջել հիվանդանոցի մյուս աշխատակիցներից: Կարծում եմ՝ այս կերպ Սարգիսն օգտագործեց առիթը, որպեսզի դատախազի մոտ ինձ անհարմար վիճակի մեջ գցի»,-պատմեց Ներսեսը: Ըստ նրա՝ այսպիսի անիմաստ պատճառով Հ. Կարապետյանը «ընկած է իր հետեւից եւ ուզում է իրեն նստեցնել»:
Այդ միջադեպից անցնում է մեկ տարի: Ներսեսի սեփական տաքսի ծառայության վարորդներից մեկը` Սերգեյ Պողոսյանը, իրեն ամրակցված «Շեւրոլե Ավեո» ավտոմեքենան վթարի է ենթարկում եւ սեփականատիրոջը պատճառում 4 միլիոն դրամի վնաս: «Ու մինչեւ հիմա խուսափում է այն փոխհատուցել՝ գտնվելով Հայկ Կարապետյանի հովանու տակ: Իրենց պատճառով ես այս չորս տարվա ընթացքում ունեցել եմ 10 միլիոնից ավելի կորուստ»,-դժգոհեց քաղաքացին: Սակայն Սիսիանի իրավապահ մարմինները Սերգեյին պատժելու փոխարեն Ներսեսի դեմ են քրգործ հարուցում: 2009թ. նոյեմբերի 23-ին Ներսեսի դեմ քրգործ է հարուցվում ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ամեն դեպքում, Կարապետյանին չի հաջողվում հասնել իր նպատակին, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին դիմելուց հետո վճիռ է կայացվում Ներսեսին թողնել ազատության մեջ: Բայց այս ամենից հետո Կարապետյանն էլ ավելի մեծ ոգեւորությամբ շարունակում է հետապնդել Ներսեսին եւ որոշում է վրեժը լուծել նրա կնոջ` Գայանե Դավթյանի միջոցով:
Գայանեն, լինելով անհատ ձեռներեց, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի հետ ժամանակին պայմանագիր ուներ կնքած, եւ Սիսիանում իրականացնում էր ապահովագրական գործունեություն, որի ընթացքում խախտել էր պայմանագրի 3.2.4 կետի պահանջը. այն է` գործակալը ապահովադիրներից կանխիկ կերպով ստացած ապահովագրավճարները պարտավոր է մուտքագրել ապահովագրողի դրամարկղ կամ փոխանցել ապահովագրողի հաշվարկային հաշվին ապահովագրավճարների հավաքագրմանը հաջորդող առավելագույնը երեք օրվա ընթացքում, իսկ կանխիկ գերազանցելու դեպքում` ստանալու պահին, հաջորդող առավելագույնը մեկ օրվա ընթացքում: Կնքված ԱՊՊԱ պայմանագրերից 7 մլն 315 հազար 509 դրամն ապօրինի իրենը դարձնելու նպատակով 2011-ի հունվարի 13-ին ընկերություն ներկայացրած թիվ 6-րդ հանձնման-ընդունման ակտով ապահովագրողի հաշվարկային հաշվեկշիռ ու դրամապահոց չի փոխանցել, չի մուտքագրել նշված գումարը եւ յուրացրել` հափշտակել է:
Գայանեի նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացում առանձնապես խոշոր չափերով:  
Այդ ընթացքում հետաքննիչ Նշանյանը եւ քննիչ Ջավադյանը փորձում են համոզել Ներսեսին, որ վերջինս իր վրա վերցնի կնոջ մեղադրանքը: Սակայն Ներսեսը հրաժարվում է: Այդ գործով դատական նիստերից մեկի ավարտից հետո քննիչ Ջավադյանը, գրկելով Ներսեսի հորը, արդարացել է՝ ասելով, թե ինքն ընդամենը «պիսըր» է. իրեն ինչ ասում են, այն էլ անում է, եւ հենց այդ պահին էլ, շրջվելով դեպի Ներսեսը, ասել է. «Քո նախկին պատմությունների համար գնա՛, տե՛ս Կարապետյանին ու հարցերդ լուծի՛… Հա՛մ ես էդ գլխացավանքից կպրծնեմ, հա՛մ էլ դու»:
Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Սյունիքի մարզի դատախազի ԺՊ Հայկ Կարապետյանին. «Ես ոչ մի մեկնաբանություն չունեմ տալու: Նա անընդհատ պետական իրավական գերատեսչություններին նույնաբովանդակ դիմումներ է գրում: Այդ առթիվ իմ նկատմամբ նույնիսկ ծառայողական քննություն է նշանակվել, բայց ոչ մի խախտում չի հայտնաբերվել… Իմ նկատմամբ իր կողմից արված բոլոր մեղադրանքները սուտ են: Ինչպե՞ս կարելի է մեր երկրում, այն էլ այս ժամանակահատվածում, որեւէ մեկին հետապնդել: Զարմանալի է: Բայց դե ինքն էլ է մարդ ու իր տեսակետն ունի: Ես ի՞նչ կարող եմ ասել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս