Սեպտեմբերի 9-ի գիշերը Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արման Սարգսյանի դին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ զինվորն ինքնասպանություն է գործել՝ թողնելով գրություն, որ կատարվածի մեջ ոչ մեկին չմեղադրեն: «Ժողովուրդ»-ն Աշոցքի զինկոմիսարիատից տեղեկացավ, որ զինվորը Շիրակի մարզի Ամասիա շրջանի Բյուրակն (Գյուլլիբուլ) գյուղից է, նույն համայնքի ղեկավար Սեյրան Սարգսյանի որդին: Հարազատները զարմացած են. զրուցեցինք նրանցից մեկի՝ Արամի հետ: «Դա անզգուշության արդյունք է եղել: Նա ինքն իրեն չէր կարող սպանել»,-նկատեց Արամը: Արմանը մինչեւ բանակ զորակոչվելը սովորել է Գյումրու պետական մանկավարժական համալսարանում: Նրան ծառայելու մնում էր ընդամենը ինն ամիս: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Կատարվում է նախաքննություն:
ՄԱՀ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ