ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ քաղաքացի Ա.Սվազյանը շենքի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետևանքով Ա.Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով, որ վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի է, բայց ոչ ավելի քան 21 օրից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: