Սերժ Սարգսյանի դրամական միջոցները նվազել են 15 մլն-ով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն՝ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 մլն 111 հազ. դրամ, իսկ 10 մլն 52 հազ. դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ: Ըստ նույն փաստաթղթի՝ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները, կամ այլ կերպ ասած՝ խնայողությունները 2014-ի սկզբին կազմել են 129 մլն 400 հազ. դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 մլն 100 հազ. դրամ:

Այսինքն՝ անցած տարի Սարգսյանի դրամական միջոցները պակասել են մոտ 15 մլն-ով: Նկատենք, որ վերը բերվածից բացի՝ Սերժ Սարգսյանն անցած տարում 107 մլն 998 հազ. դրամ փոխառություն է տվել, որը տարվա ընթացքում չի վերադարձվել: Ու այստեղից հարց է առաջանում, թե որտեղից այդ գումարը նրան, չէ՞ որ, ինչպես նշեցինք, նրա դրամական միջոցները պակասել են 15 մլն դրամի չափով: Ի դեպ, Սերժ Սարգսյանը 2013-ին «պաշտոնը ստանձնելու հայտարարագրում» նշել է, որ իր դրամական միջոցները կազմում են 116 մլն դրամ: Այսինքն՝ կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չհիմնավորված գումար է հայտարարագրել, որի ծագումը մնում է անհայտ:

Նույն պատկերն է նաեւ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի մոտ: Նա անցած տարի 95 մլն դրամի փոխառություն է տվել, որը տարվա ընթացքում չի վերադարձվել: Սակայն նրա դրամական միջոցները ոչ միայն չեն պակասել, այլ նաեւ ավելացել են. տարվա սկզբին ունեցել է 106 մլն 225 հազ. դրամ, իսկ տարվա վերջում` 107 մլն 340 հազ. դրամ: Բացի այդ՝ Ռիտա Սարգսյանը 2014-ին 8 մլն 901 հազ. դրամի եկամուտ է ունեցել, որը հայտարարագրել է որպես փոխառության դիմաց ստացած տոկոս: Իհարկե, հասկանալի է, որ վերը բերված թվերը, նրանց իրական ունեցածի համեմատ, մանրուքներ են:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս