15.500 դոլար կաշառք` ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար. մեղադրանք է առաջադրվել 4 հոգու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2014թ. նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 4 անձի մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ 15.500 դոլարով ընդունվելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ավելին՝ երկու հոգի կալանավորվել են:

Նախ պաշտոնապես

2014թ. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար:

Իսկ ովքե՞ր են եղել խարդախությամբ գումար վերցնողները: «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Երեւանի բնակիչ Լիլիաննան ցանկացել է, որ իր որդին` Գրիգոր Սիմանյանը, ընդունվի Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Քաղաքացի Հրաչ Չփլախչյանը, տեղեկանալով կնոջ «բաղձալի» երազանքի մասին, որոշել է օգնել Լիլիաննային: Արդյունքում, Լիլիաննան եւ Հրաչ Չփլախչյանը հանդիպել են եւ պայմանավորվածություն ձեռք բերել, թե ինչպես պետք է իրականացվի ընդունելության պրոցեսը:

Հրաչը  Լիլիաննային ասել է, թե «գործը գլուխ» բերելու համար հարկավոր կլինի 15.500 դոլար: Լիլիաննան էլ, լսելով կլորիկ գումարի մասին, տվել է իր համաձայնությունը. միայն թե որդուն ԵՊՀ ուսանողի կարգավիճակում տեսնի: Հրաչ Չփլախչյանը Լիլիաննայի որդու գործը կազմակերպելու համար որպես միջնորդ է ընտրել քաղաքացիներ Լավրենտ Քոսյանին եւ ոմն Լեւոնի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լիլիաննան 15.500 դոլարը տվել է Հրաչ Չփլախչյանին, իսկ, ահա, Հրաչն այդ գումարից 2000 դոլարը վերցրել է իրեն՝ որպես օժանդակողի, իսկ գումարի մնացած մասը տվել է այս գործում որպես միջնորդներ իրեն ծանոթ  Լավրենտ Քոսյանին եւ Լեւոնին:

Տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ ըստ պլանավորածի պետք է ընթանար, գումարը կա, միջնորդներն ու օժանդակողը եւս, սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում: Լիլիաննայի որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունող Հրաչ Չփլախչյանի ծանոթ Լավրետն ու Լեւոնը գումարը հափշտակում են՝ Լիլիաննայի որդուն թողնելով բախտի քմահաճույքին:

Մեզ հաջողվեց պարզել, որ Լավրենտ Քոսյանն ու Լեւոնն այժմ կալանքի տակ են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով` (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս