Սերժ Սարգսյանին ներած Րաֆֆի Հովհաննիսյանը ներեց նաև իր կուսակիցներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչքան անսպասելի ԱՄՆ մեկնած, նույնքան անսպասելի էլ վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասուլիս տվեց և հայտարարեց, որ «ներում է» և Սերժ Սարգսյանին՝ իր ընտրաձայները գողանալու համար, և Վեհափառին՝ «Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար»: Ներողամտության այսպիսի մեծ ակցիայի շրջանակներում, բնականաբար, ներվեցին նաև սեփական կուսակիցները՝ նախագահական այցելած Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, ովքեր այդ այցից հետո հայտնվել են արմատական կուսակցականների թիրախում: Ի՞նչ հասկացան «Ժառանգության» անդամները Րաֆֆի Հովհաննիսյանի ասածներից: Չէ՞ որ նրանք անհամբեր սպասում էին, որ Րաֆֆին կգա և կասի իր «տղամարդու խոսքը»՝ վերջապես հավանությո՞ւն է տալիս այդ այցին, թե՞ ոչ, այդ այցն իր իմացությա՞մբ է տեղի ունեցել, թե՞ ոչ:

Պարզվում է՝ «չարաբաստիկ հանդիպումը» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Ժառանգության» առաջնորդն արդեն ինքնաթիռում է եղել: Ու թեև. «Մարտիրոսյանն ու Հակոբյանը լիազորություններից դուրս չէին», բայց ինքը՝ Րաֆֆին, չէր գնա նման հանդիպման և կփորձի այնպես անել, որ նման բան «այլևս չկրկնվի»: «Հետայսու այս ինքնանպատակ խաղերին չենք մասնակցելու»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ նա տեղեկացված է եղել «հանդիպման հնարավորության մասին»: Թե ինչու չի առարկել, հավանաբար, միայն իրեն է հայտնի: Կատարվածը Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է կուսակցությունում առկա՝ «միգուցե ծայրահեղացված» ազատությամբ: Ազատությունը՝ ազատություն, բայց մի՞թե կուսակցությունը չպետք է ունենա դիրքորոշում, մարտավարություն, սկզբունքներ, որոնք պարտադիր են կիրառման համար: Մի՞թե կուսակցության ղեկավար մարմինը չպետք է տեղեկացված լինի նման այցերից և չպետք է հավանություն տա նման այցերին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս