
Նվազագույնը 4 մարդ զոհվել է, 19-ը` վիրավորվել Ուկրաինայի արևելքում գտնվող Գոռլովկայում ուղևորատար ավտոբուսի՝ ականի վրա պայթելու հետևանքով. հայտնել է Դոնեցկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից:
Ոստիկանության Արտյոմովսկայի քաղաքային բաժանմունքի պետ Դմիտրի Կոժուխովի խոսքերով՝ բոլոր զոհվածները կանայք են: Հիվանդանոց է տեղափոխվել 13 տուժած:
Ինչպես ավելի վաղ հայտնել են գերատեսչությունից, Արտյոմովսկայից Գոռլովկա ընթացող ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 26 մարդ:
Վարորդը փորձել է շրջանցել Մայորսկայա շրջանում տեղակայված ամրակետն ու մեքենան վարել է դաշտերով:
«Անցնելով դաշտի միջով՝ մեքենան հետևի անիվով հայտնվել է ականի վրա»,- գրել է Դոնեցկի մարզի Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության պետ Վյաչեսլավ Աբրոսկինը սոցկայքերից մեկում:
Դեպքի վայրում աշխատում է Արտյոմովսկայի ոստիկանության քաղաքային բաժանմունքի հետաքննչական օպերատիվ խումբը: