ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը երրորդ անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Տղամարդկանց հավաքականը կիրակի օրը կայացած վերջին մրցափուլում Ստամբուլում 2.5:1.5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ: Երկրորդ տեղում Ռուսաստանի, երրորդ տեղում` Ուկրաինայի հավաքականներն են: Բացի այդ՝ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը մրցանակների արժանացան անհատական արդյունքների համար: Հիշեցնենք, որ հայաստանցի շախմատիստները համաշխարհային օլիմպիադայում հաղթանակ են տոնել 2006, 2008 եւ 2012 թվականներին:
Թիմերը Երեւան պետք է վերադառնային երեկ` կեսգիշերին: Սակայն օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո որոշվել էր նրանց դիմավորել ըստ արժանվույն. հավաքականի անդամները Ստամբուլից հայրենիք վերադարձան ՀՀ նախագահի ինքնաթիռով: «Զվարթնոց» օդանավակայանում Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսեսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Լ. Պետրոսյանին, գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին ու պատվիրակության մյուս անդամներին դիմավորեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Ի պատիվ օրվա հերոսների՝ Ազատության հրապարակում կայացավ նաեւ տոնական համերգ:
Ի դեպ, շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի` երրորդ անգամ չեմպիոնի տիտղոս նվաճելը, ըստ էության, ստվերեց շախմատի կանանց հավաքականի հաջողությունը:
Հայ շախմատիստուհիները 127 երկրների շարքում գրավել են 6-րդ տեղը` մրցաշարի սկզբում վարկանիշային աղյուսակում լինելով 8-րդը: Ընդ որում շախմատիստուհիներն առաջ են անցել աշխարհի ուժեղագույն թիմերից Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի հավաքականներից, որոնք ավելի բարձր վարկանիշ ունեն: Ավելին, այս թիմերից Վրաստանի կանանց հավաքականն օլիմպիական չեմպիոն է, եւ ընդհանրապես, այդ երկիրը հայտնի է իր շախմատային կայացած դպրոցով: Մեկ ուշագրավ փաստ. շախմատի կանանց հավաքականը Ռումինիայի թիմի հետ կիսել է 5-6-րդ տեղերը: Ռումինիայի հավաքականը, որին այս օլիմպիադայում հաղթել էին հայ շախմատիստուհիները, հինգերորդ տեղն է նվաճել լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ. մրցակից թիմերի հետագա արդյունքները եւս հաշվարկվում են լրացուցիչ ցուցանիշներ հաշվելիս: Եւ քանի որ օլիմպիադայում Հայաստանի մրցակիցներն ավելի վատ են խաղացել, քան Ռումինիայի մրցակիցները, ստացվել է այնպես, որ լրացուցիչ ցուցանիշներով ՀՀ-ն 0,5 միավորով զիջել է Ռումինիային:

ՏՐԴԱՏ ԱՐՇԱԿՈՒՆԻ




Լրահոս