Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի նախկին և ներկա վարչապետները կհանդիպեն: Այս մասին Armlur.am-ին փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: Վերջինս հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չներկայացրեց:
Armlur.am-ը փորձեց նախկին վարչապետներից մի քանիսից ճշտել` մասնակցելու են հանդիպմանը, թե` ոչ:
Եվ այսպես, ՀՀ նախկին վարչապետ, այժմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսնակը մեզ փոխանցեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հրավեր է ստացվել, և երեկոյան ժամը 6-ին հանդիպում տեղի կունենա: Վազգեն Մանուկյանը հրավերն ընդունել է: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասների չեն տիրապետում:
Նախկին վարչապետ, այժմ պատգամավոր Հրանտ Բագրատյանից ևս փորձեցինք ճշտել` հանդիպմանը գնալու է, թե` ոչ: Վերջինս վրդովված տոնով պատասխանեց. «Աղջի´կ ջան, քեզ ի՞նչ: Եթե հրավիրեն, կմտածենք, ցտեսություն Ձեզ»,- ասաց Բագրատյանը և հեռախոսն անջատեց:
Իսկ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Համալսարանից մեզ փոխանցեցին, որ Դարբինյանը քաղաքում չէ:
Սահմանադրական դատարանի նախագահ, նախկին վարչապետ Գագիկ Հարությունյանը ևս հրավեր ստացել է Հովիկ Աբրահամյանից և մասնակցելու է հանդիպմանը: Տեղեկությունը մեզ փոխանցեց ՍԴ նախագահի օգնական Անահիտ Սարգսյանը:
Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը երկրում չեն, իսկ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, դժվար թե, մասնակցի հանդիպմանը: Այնուամենայնիվ, փորձեցինք կապ հաստատել Արամ Սարգսյանի հետ, սակայն` ապարդյուն: