Հարբած էջմիածնեցին սեռական հայհոյանքներ է հնչեցրել շտապ օգնության կայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` մարտի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ժամը 18:00-ի սահմաններում մի տղամարդ հարբած վիճակում մտել է «Վաղարշապատի» ԲԿ շտապ օգնության կայան և սկսել անհասցե սեռական հայհոյանքներ հնչեցնել, աղմուկ-աղաղակ բարձրացնել:

Armlur.am-ին հաջողվեց պարզել նաև, որ խուլիգանություն կատարած տղամարդը Դողս գյուղի 35-ամյա բնակիչ է` Գրիգոր անունով: Armlur.am-ին Դողսի համայնքի ղեկավար Մեսրոպ Ադամյանը հայտնեց, որ նշված երիտասարդը մշտապես ալկոհոլի ազդեցության տակ է գտնվում, իրեն ոչ կոռեկտ է պահում և անպատիժ մնում. «Մի քանի անգամ ամուսնացել, բաժանվել է: Ում փողոցում տեսնում, տուն կին է բերում: Մի երեխա ունի, բայց նախկին կնոջ հետ է ապրում: Եթե մեկը լինի, որ դրան բացատրի` ինչն ինչպես պետք է լինի, կխելոքանա: Դրա փոխարեն` մի խելոք տղա լիներ, կդատեին: Բայց իրեն գժի տեղ է դնում, ինչ ուզում, անում է»:

Մեր զրուցակցի խոսքով` երիտասարդի հայրը տարիներ առաջ է մահացել, մայրն ու 4 քույրերն էլ նրան կարգի հրավիրել չեն կարողանում:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը` հայտնելով, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս