Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ՏՄՊՊՀ տարեկան ծրագրի մասին ելույթից առաջ ասաց, որ Ա. Շաբոյանին մի բան թույլատրված է խոսել, մի բան` ոչ: Տեղից նրան հակադարձեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: «Մենամարտը դրսում, մենամարտը դրսում»,- շտապեց միջամտել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մենամարտ չկա, կա միակողմանի ճշմարտություն, փորձում է Հանրապետական մեծամասնությունը պահել էս ճշմարտությունը կիսատ վերլուծություններով: Չե՞ք տեսնում, արդեն երկիր չի մնում»,- պատասխանեց Հ. Բագրատյանը և սկսեց իր ելույթը:
Նա հայտարարեց, որ մի տարի առաջ ԱԺ նախագահ է ընտրվել, որի թեկնածությանն ինքը խորհուրդ չի տվել քվեարկել: Հ. Բագրատյանը նշեց, որ ինքը 24 օրենք է գրել, ոչ մեկը չի անցել ԱԺ օրակարգ, թեև դրանք պակաս չեն, քան ՀՀԿ-ականների ընդունածը:
«Զրոյացել է պետությունը: Դուք չեք ուզում սարքեք էս պետությունը, դուք ձեր ձեռքերը չեք քշտում, պետություն չեք սարքում: Նույնը էս հանձնաժողովը: Էս տարիներին մրցակցությունը պակասել է, ասում են` ավելացել է: Դուք մի ինդեքս չունենք: Ո՞նց է ձեզ մոտ մրցակցությունը բարելավվել, ձեզ էլ վերանշանակել են, եթե ակտիվ հարկ վճարողները երեք անգամ պակասել են»,- ասաց Բագրատյանը:
«Տնտեսագիտության թեկնածու եք, ես ձեզ ստուգարք չէի նշանակի: Ասում եք՝ մեր ռեսուրսները սահմանափակ են: Տնտեսագիտության մեջ բոլոր ռեսուրսները սահմանափակ են, անսահմանափակ ռեսուրս չի լինում: Ո´չ պլան ունեք, ո´չ ծրագիր: Գնում եք, տե՞ղ ստուգեք: Մենք արդեն հույս չունենք, որ լավ կլինի»,- նշեց Բագրատյանը:
Պատգամավորին վրդովեցրել է նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի այն խոսքը, թե ՀՀ-ն փոքր երկիր է, մրցակցության զարգացման հնարավորություն չկա: