ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԻ ԽՆԴԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Բանն այն է, որ Վ. Բադասյանն առաջարկել է, որ բոլոր ընդդիմադիր թեկնածուները առաջադրվեն միասին՝ հանդես գան մեկ ճակատով, սակայն նրանք հրաժարվել են: Դա է եղել պատճառը, որ ընդդիմադիր թեկնածուն որոշել է չառաջադրվել:

Նշենք, որ Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԼՂՀ ԿԸՀ-ին համամասնական ցուցակներ են ներկայացրել 3 ուժեր` «Կոմունիստական» ու «Շարժում-88» կուսակցությունները, որոնց ցուցակներում 14-ական թեկնածուներ են ներառված, ինչպես նաեւ՝ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը` 35 թեկնածուներով: Երեկ թեկնածուների առաջադրման վերջին օրն էր:
«Ժողովուրդը» զրուցել է Վահան Բադասյանի հետ` նրա չառաջադրվելու որոշման եւ ԼՂՀ ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածության շուրջ:
-Պարո՛ն Բադասյան, ինչո՞ւ եք որոշել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունը չառաջադրել:
-Ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ինձ չհաջողվեց ընդդիմությանը միացնել ու միասնական մասնակցել ընտրություններին: Ընդդիմության կենտրոնում ես էի խորհրդարանում ու, առհասարակ, քաղաքական դաշտում ընդդիմության կենտրոններից մեկը ես էի, իսկ ինձ համար ընդունելի տարբերակ էր, որ ընտրություններին ընդդիմությունը գնար միասնական տարբերակով: Եթե միասնական ճակատ չկա, ուրեմն չկա ընդդիմություն, արդեն դառնում է անձնական հարցերի լուծում, կստացվի, որ իրենց աչքը այդ աշխատավարձի վրա է եւ ոչ թե օրենսդրական գործունեություն իրականացնելու: Եթե գործունեության վրա լիներ, անշուշտ կմիավորվեին:
-Այսինքն՝ Դուք առաջարկել եք, որ ընդդիմադիր պատգամավորները միավորվեն ու իրենց թեկնածությունն առաջադրեն, բայց նրանք չե՞ն համաձայնել:
-Այո՛, ես շատ ջանք եմ թափել, երկու կողմի վրա էլ մեծ ջանք ու եռանդ եմ թափել, ամեն ինչ իմ կողմից արել եմ, բայց, ցավոք սրտի, տարանջատված է, ու ընդդիմադիր միասնական դաշտ չկա: Չնայած մենք մի թիմից ենք եղել: Ստացվում է, որ ընդդիմադիր դաշտը հատվածների է բաժանվել, ու առանձին են առաջադրվելու թեկնածուները:
-ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւս ընդդիմադիր է, ինչո՞ւ նրա հետ չեք համագործակցել, նա ե՞ւս հրաժարվել է Ձեզ հետ համագործակցելուց:
-Ինքը 2012 թվականին նախագահական ընտրություններում կոշտ ընդդիմություն էր, բայց դրանից հետո… խորհրդարանում ինքը միշտ դեմ էր քվեարկում Կառավարության բերած հիմնական փաստաթղթերին, բյուջեին եւ այլն, բայց ինքը հիմա որպես ոչ իշխանական ուժ է հանդես գալիս: Ես ինձ այժմ խորհրդարանում չեմ տեսնում, որովհետեւ հիմա, ենթադրենք, ես գնացի մեկ-երկու հոգու հետ ու ինչ-որ միավորով, հետո՞, ի՞նչ պետք է ստացվի:
-Փաստորեն ստացվում է՝ ԼՂՀ խորհրդարանն այս անգամ ընդդիմադիր ուժ չի՞ ունենալու:
-Թող չունենա, սա է պատկերը, թող ժողովուրդը տեսնի, ու իրենք էլ ընտրություն կատարեն: Ենթադրենք կա խորհրդարանում ընդդիմություն, բայց ոչ նորմալ քանակով, հիմա, ասենք, երկու հոգի կայինք, ի՞նչ կարողացանք մենք անել երկու հոգով, իհարկե, ոչինչ: Խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությունը գոնե պետք է լինի հակազդող, հակակշռող քանակությամբ: Հիմա մեկ-երկու հոգով խորհրդարանում ընդդիմությունը ի՞նչ հարց պետք է լուծի, ուղղակի ցույց տանք, որ մենք մանդա՞տ ունենք, պատգամավո՞ր ենք: Ես կարծում եմ, որ ամեն մեկն իր կողմն է քաշվել: Ու կարծում եմ, որ պետք է այդ ուժերը իշխանությունների կողմից վերահսկվեն, մեկ է՝ մի քանի հոգով ինչ-որ բանի հասնելը խորհրդարանում, հնարավոր չի լինի, էլ ինչ իմաստ ունի այդ դեպքում այն ընդդիմություն անվանելու: Ի՞նչ պետք է անի Հայկ Խանումյանը երկու-երեք պատգամավորով, կամ նույն Վիտալի Բալասանյանը: Եթե նույնիսկ միավորվեն, կդառնան 5-6 հոգի: Դա էլ հարց է, արդյո՞ք կմիավորվեն, եթե միավորվելու են, ապա ինչո՞ւ այժմ չեն միավորվում ու միասնական ճակատով հանդես գալիս, որպեսզի քաղաքացիները հույս ունենան, որ իշխանություններին կարող ենք հակակշռել:
-Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժել Ձեր առաջակը:
-Ամեն մեկը, կարծես թե, իր սկզբունքներն ուներ, բայց ոչ մեկն էլ սկզբունք չուներ, պարզապես «Շարժում 88»-ը վերջին 7-8 տարվա մեջ այդպես էլ գործունեություն չծավալեց, իսկ «Վերածնունդ»-ն էլ, որ ռեսուրս ուներ, շուտով այն կկորցնի: Ես տեղյակ եմ, որ այդ շարքերում կանգնած մարդիկ հիասթափված են, ու կարծում եմ՝ առաջիկայում հայտարարությամբ դուրս կգան:
-Բայց արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանը նպատակ ունի միավորելու Արցախի ընդդիմությանը, ինչո՞ւ Դուք նրա շուրջ «չհավաքվեցիք»:
-Ես 23 տարի է, ինչ ընդդիմության մեջ եմ՝ Արթուր Մկրտչյանի մահից հետո, ու ես 7-8 տարի դեմ եմ եղել Սամվել Բաբայանին, բայց ես կարծում եմ, որ ինքն իրավունք ունի գործունեություն ծավալել, քանի որ իր կատարած սխալների դիմաց հատուցել է: Բայց այս իշխանությունները, որոնք իրենից ավելի մեծ սխալներ են կատարել… այսինքն՝ ինքը բարոյական իրավունք ունի վերադառնալու Արցախ ու գործունեություն ծավալելու: Սակայն, ցավոք սրտի, ինքը չերեւաց, միայն հայտարարություններ տեսանք, որ իբրեւ թե գալու է, աջակցելու է, բայց չեղավ:
-Գուցե ԼՂՀ իշխանություննե՞րն են ճնշումներ գործադրել Ս. Բաբայանի վրա, ինչի արդյունքում նա հրաժարվել է վերադառնալ Արցախ:
-Շատ հնարավոր է, ես չգիտեմ, բայց երբ ես լսեցի, որ կարող է Ս. Բաբայանը վերադառնա, ես շատերին ասացի, որ իրեն թույլ չեն տա, խոչընդոտելու են նրա գալը:

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿԽՈՇՈՐԱՑՎԵՆ. ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Երեկ ՀՀ Կառավարության նիստում որոշվել է համայնքների խոշորացման վեաբերյալ ՀՀ մի շարք համայքներում հանրաքվե անցկացնել: Հարցը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը ու նշել, որ համայնքների խոշորացման արդյունքում նաեւ ֆինանսական խնայողություններ կլինեն:

Եւ այսպես՝ հանրաքվե կանցկացվի Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում: Սյունիքի մարզում հանրաքվե կանցկացվի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում, Տավուշի մարզում` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում: Երիցյանը հայտնել է, որ հանրաքվեի անցկացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 42 միլիոն 586 հազար 78 դրամ, իսկ ոստիկանությանը` 1 միլիոն 956 հազար 67 հազար դրամ: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե նախագծով սկիզբ է դրվում համայնքների խոշորացմանը, որը որեւէ դժգոհության կամ վիճելի հարցի չի բերելու:
Երեկ Կառավարությունը հաստատել է նաեւ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը եւ հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը: Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ըստ օրենքի՝ ստեղծվում է մեկ միասնական մարմին եւ մեկ միասնական բողոքարկման հանձնաժողով, որն էլ ընդգրկում է հարկային եւ մաքսային ոլորտները
«Ըստ ընդունված կարգի` այս օրենքը քննարկվել է տեսչական բարեփոխումների հանձնաժողովի հետ, որը գլխավորում է ՀՀ վարչապետը, եւ միաձայն հավանություն է ստացել: Միայն մեկ առաջարկ կար, որ ֆինանսների նախարարության հանձնաժողովի անդամը հետագայում դատական նիստերի ներկայացվի, եւ այդ առաջարկն ընդունվել է»,- հայտարարել է Ճշմարիտյանը: Հ. Աբրահամյանն էլ նշել է, որ վարչապետը կորոշի, թե ով կմասնակցի դատական նիստերին. «Պարտադիր չէ, որ լինի հանձնաժղովի անդամ, մեր պայմանավորվածությունը հիշեք: Վարչապետը կորոշի՝ ով է մասնակցում»: Սակայն Կարեն Ճշմարիտյանը Հովիկ Աբրահամյանին հակադարձել է` պնդելով. «Հանձնաժողովը որոշում է, թե ով է մասնակցում», ինչին վարչապետը երկրորդ անգամ է ընդդիմացել` եզրափակելով. «Ո՛չ, վարչապետն է որոշում»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳԻ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է աշխարհով մեկ շրջագայել բացառապես բիզնես կարգով: ՀՀ ԱԳՆ աշխատակազմը մարտի 10-ին կնքած պայմանագրով «Իմպերիա Թրավլ» ՍՊԸ-ին 5 մլն 654 հազար 636 դրամ է վճարել 6 ավիատոմսի համար, որոնցից մեկը, սակայն, հատուկ է եղել` Երեւան-Փարիզ-Ժնեւ-Փարիզ-Երեւան ուղղությամբ բիզնես կարգի ավիատոմս, որը արժեցել է 1 մլն 403 հազար 986 դրամ: Այս նույն ուղղության էկոնոմ դասի ավիատոմսը 500 հազար դրամով էժան է: Այսինքն՝ որպեսզի նախարար Էդվարդ Նալբանդյանը սովորական մահկանացուների պես էկոնոմ դասով չճանապարհորդի, դրա համար հարկատուների միջոցներից լրացուցիչ 500 հազար դրամ պետք է ծախսվի: Իհարկե, նման հարց չէր ծագի, եթե նույն Նալբանդյանի եւ մնացած նախարարների գործունեության արդյունքը չլիներ այն, որ Հայաստանի բնակչության կեսը հայտնվել է աղքատության ճիրաններում:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈՂԵՐԸ
«Ժառանգություն» կուսակցության՝ 2014թ. գործունեության հաշվետվության համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կուսակցությունն ունեցել է 745 հազար դրամ, որին ավելացել է պետական բյուջեից ստացած 4 մլն 444 հազար դրամը: Նախորդ տարվա ընթացքում «Ժառանգությունը» վճարել է 1 մլն 771 հազար դրամի աշխատավարձեր, կոմունալ ծախսերը կազմել են 212 հազար դրամ, հարկերն ու տուրքերը՝ 490 հազար դրամ, 1 մլն 791 հազար դրամ էլ հայտարարագրել են որպես «այլ ծախսեր»: Տարեվերջին «Ժառանգության» դրամարկղի մնացորդը կազմել է 925 հազար դրամ:

 

ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՇՈՒՐՋ
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Այնուհետեւ, աշակերտուհու մայրը եւ դպրոցի տնօրենը դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Նրանց հայցերը 1,5 տարի քննելուց հետո, դատարանը մերժել էր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ աշակերտուհու՝ ծեծի ենթարկված մայրը` Նատալյա Սարգսյանը, այս տարվա փետրվարի 6-ին բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:

 

ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Պարզվում է՝ դեռեւս անցած տարվա հուլիսի 31-ին Երեւան համայնքը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի եւ պահանջում է վերջինիցս հօգուտ քաղաքապետարանի բռնագանձել 170 հազար դրամ:




Լրահոս