ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանի փակման եւ այնտեղ տարիներ շարունակ գրանցված խաբեբայությանը, ասաց, որ առողջապահության նախարարությունը պատրաստ է սատարելու այն դիմումը, որը կուղարկվի իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք` մարտի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանը փակվել էր, եւ, բնականաբար, փակվել էր նաեւ Վարդենիսի մասնաճյուղը, ինչի արդյունքում ուսանողները հայտնվել էին անելանելի վիճակում: Պարզել էինք, որ մինչ 2013թ ուսումնական հաստատությունները գտնվել էին ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, իսկ, ահա, 2014 ընթացքում օրենքի փոփոխության արդյունքում վերջիններս հանձնվել էին կրթության եւ գիտության նախարարության ենթակայությանը: ԿԳՆ-ն էլ ստուգումներ էր իրականացրել եւ պարզել էր, որ լիցենզիան չի համապատասխանում նախանշված նորմերին, եւ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ զբաղվել են խաբեբայությամբ, ծնողներից գումարներ են շորթել՝ իրականում կրթություն չապահովելով ուսանողների համար: Հիմա այնտեղ ընդունված ուսանողները մնացել են դրսում, իսկ շրջանավարտների դիպլոմները պարզ չէ, թե ինչ արժեք ունեն:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, չնայած մինչ Ձեր նախարար նշանակվելը ուսումնական հաստատությունները հանձնված են եղել կրթության եւ գիտության նախարարությանը, այնուամենայնիվ, ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ապագա բժիշկների մասնագիտացված ուսումնարանում նման խաբեբայություն են թույլ տվել:
-Եթե Դուք խաբեբայության խնդիր եք գրացնել, ապա կարծում եմ, որ պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա սա հատուկ ուշադրության կենտրունում գտնվող հարց է, եւ այսօր օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը, որտեղ կրեդիտային համակարգ ներդնելու մասին քննարկումներ են սկսվել: Մենք մեր հավանությունը տվել ենք այդ մոտեցմանը: Իսկ ինչ վերաբերվում է այսօր համակարգում գործող բժիշկներին, ապա կարծում եմ, որ մենք որակավորման մեկ ընդհանուր միասնական ձեւ պետք է ունենանք, որով կրեդիտային համակարգը ներդնելուց հետո կարողանանք թույլատրել բժշկական գործունեության իրավունքը:
-Դուք խոսում եք ապագայի գեղեցիկ պլաններից, իմ հարցը վերաբերում է կոնկրետ մի բժշկական ուսումնարանի, 16 տարի է՝ գործել է, եւ ոչ մեկի հայտնի չէ, թե ինչ մասնագետներ է պատրաստել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանն էլ ասել էր, որ այնտեղ խաբեությամբ են զբաղվել, կրթություն չի եղել: Եթե Դուք Ձեզ համարում եք մտահոգ նախարար, չե՞ք պատրաստվում մարզերում գոնե մասնագետների վերապատրաստման գործընթաց սկսել:
-Կրկնում եմ՝ եթե խաբեբայության կամ որեւիցե իրավախախտ փաստ եք արձանագրել եւ տվյալներ ունեք, Դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին: Իսկ ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք անպայման կսատարենք այդ դիմումը:
-Մենք արդեն բարձրաձայնել ենք խնդիրը, որ տարիներ շարունակ ինչ-ինչ մարդկանց հետաքրքրությունների արդյունքում նման իրավիճակ է ստեղծվել: Դուք՝ որպես նախախար, պատրաստ ե՞ք պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել բոլոր այն նախկին նախարարների նկատմամբ, որոնք օժանդակել են, որպեսզի մարզերում ապօրինի ուսումնական հաստատություն գործի, որն էլ անակնկալ փակվեց՝ փաստի առաջ կանգնեցնելով ուսանողներին:
-Ես չեմ ուզում հարցը կապել անձերի հետ, անձամբ նախարարների հետ: Նախարարությունը մի ամբողջ կառույց է` իր ինստիտուտներով, իրավաբանական վարչությամբ, փոխնախարարներով: Անձի խնդիրը չի, որ Դուք անընդհատ փորձում եք անձնական դաշտ անցկացնել:
-Բայց նախարարության բացթողումների համար պատասխանատու է նախարարը: Նա պետք է վերահսկողություն իրականացնի, հանձնարարականները տա, որպեսզի ոլորտում իրավիճակը կանոնակարգված լինի: Իսկ եթե մի բան այն չէ, ապա նշանակում է, որ նախարարը տեղում չէ:
-Համոզված Ձեզ ասում եմ՝ եթե որեւիցե իրավախախտ դեպք արձանագրում եք, Դուք մեզ շատ կօգնեք, եթե այն վրիպել է մեր ուշադրությունից, ապա մենք շատ արագ կարձագանքենք, եւ հավաստիացնում եմ, որ արդյունքների մասին Դուք շատ արագ տեղեկացված կլինեք:
-Հիմա եթե նույնիսկ մենք մեր պարտականություններից չբխող այդ գործառույթը իրականացնենք, դրանից ի՞նչ է փոխվելու այն ուսանողների կյանքում, որոնք ընդունվել էին: Այս պատմության մեջ ամենավատ վիճակում հայտնվել են ուսանողները, որոնք տարիներ շարունակ խաբված լիենելով՝ մի թղթի կտոր են ստացել: Ձեզ չի՞ մտահոգում այդ երեխաների ճակատագիրը:
-Եթե խոսքը ուսանողների մասին է, Դուք պետք է ըստ գերատեսչության հարցը ուղղեք: Իսկ ինչ վերաբերում է բժշկական մասնագիտություններին եւ նրանց որակավորմանը, ապա ես նշեցի, որ մենք Ազգային ժողովի նախաձեռնությանը սատարում ենք եւ մասնակցել ենք քննարկումներին: Կարծում եմ, որ միասնական ձեւ պետք է լինի, որ այն մասնագետները, որոնք կհավաքեն անհրաժեշտ կրեդիտներ եւ կունենան համապատասխան թույլատվություն, ապա նրանք պետք է աշխատեն դաշտում: Մասնագետների որակավորումը թերագնահատելը անհնարին է յուրաքանչյուր համակարգում, առավելեւս՝ բժշկական ոլորտում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԵՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԸ՝ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով երեկ ստացված ահազանգին՝ առ այն, որ բուհում պայթուցիկ սարք է տեղադրվել, ասաց, թե ինքն ի սկզբանե չի հավատացել ահազանգին:

Նշենք, որ երեկ՝ ժամը 13.00-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Լուրը ստանալուն պես 2200 աշխատակից եւ ուսանող տարհանվել են համալսարանից: Իսկ, ահա, ավելի ուշ ԱԻՆ-ի իրականացված ստուգումների արդյունքում պարզվեց, որ որեւէ պայթուցիկ սարք էլ տեղադրված չէր, չհայտնաբերվեց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կատարվածը որակեց որպես խուլիգանություն.«Վատ եմ վերաբերում այսպիսի երեւույթներին, սա շատ բացասական արարք է»:
-Այս շրջանում համալսարանում ընթացիկ քննություններ են սկսվել: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է՝ ուսանողներից մեկը, չներկայանալով քննությանը, որոշել է նման չար կատակ անել:
-Չեմ բացառում, միգուցե մեկը որոշել է նման չար կատակ անել, բայց այդ կատակը քրեորեն պատժելի արարք է, եւ եթե նա լուրջ մարդ է, ապա պետք է հասկանար, որ այս արարքը կարող է վատ հետեւանքներ ունենալ իր համար:
-Իսկ Դուք կասկածներ ունե՞ք, թե ով կարող էր նման բան անել:
-Բացարձակ չունեմ: Մնում է՝ պատկան մարմինները զբաղվեն եւ պարզեն, թե ով կարող էր սա անել: Նշենք, որ արտակարգ իրավիճակները շատ արագ կողմնորոշվել էր, մարդիկ շատ արագ ուսանողներին տարհանեցին, եւ երբ զննումն ավարտվեց, դասերի երկրորդ կեսին մենք նորմալ անցանք մեր աշխատանքային պրոցեսին: Ինչեւէ, եթե որեւէ մեկը փորձել էր խանգարել դասերի պրոցեսը, ապա դա իրեն չէր հաջողվել:
-Ի՞նչ եք կարծում՝ կպարզվի՞ ի վերջո, թե ով էր կեղծ ահազանգի հեղինակը:
-Չգիտեմ՝ արդյունքը ինչ կլինի: Երեւի մինչեւ երկուշաբթի ինչ-որ բաներ հայտնի կդառնան: Նշեմ, որ հենց սկզբից համոզված էի, որ կեղծ ահազանգ էր, բայց մտահոգվեցինք, եւ բնական է՝ շատ անհանգստացանք: Տարհանումը շատ արագ կազմակերպվեց, եւ, փառք Աստծո, դժբախտ դեպք չարձանագրվեց: Նաեւ նշեմ, որ մենք նման դեպքերի հարցով դժվարություններ ունենք` ուսանողներ են, պայուսակներում զանազան իրեր են պահում, եւ այդ ամենը վերահսկելը դժվար է, չնայած կարծում եմ, որ բուհի ուսանողը դժվար թե նման բան աներ:
Ինչեւէ, այս դեպքը առավել զգոն կդարձնի մեզ, որ կարողանանք խուսափել այսպիսի երեւույթներից:

 

 

 
ԶԻՆՎՈՐ ԴԱՐՁԱԾ ԵՆ ԾՆՎՈՒՄ
Հակառակորդը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ Պաշտպանական բանակը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս` ամբողջությամբ ոչնչացրել են խմբին իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ 18-ամյա Հակոբ Խաչատրյանը, 19-ամյա Էդուարդ Հայրապետյանն ու Արշակ Հարությունյանը, Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը` կայուն ծանր:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ զոհված զինծառայող Հակոբ Խաչատրյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ էր, Արշակ Հարությունյանը Երեւանի Էրեբունի վարչական շրջանից էր, իսկ Էդուարդ Հայրապետյանը՝ Աշտարակ քաղաքից: Երեքն էլ ժամկետային զինծառայողներ էին:
Armlur.am-ի հետ զրույցում Քաշաթաղի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը հայտնեց, որ Հակոբն իր աչքի առջեւ է մեծացել` հայրենիքի պաշտպան դառնալու անհագ ցանկությամբ. «Առանց որեւէ չափազանցության կարող եմ վստահ ասել, որ Հակոբն այն եզակի մարդկանցից մեկն էր, ովքեր մշտապես պատրաստ են անշահախնդիր օգնություն ցուցաբերելու յուրաքանչյուրին, ով կունենա դրա կարիքը: Նոր էր ավարտել դպրոցը, բարձրագույն ուսումնական հաստատություն պետք է ընդունվեր, զորակոչվեց բանակ: Շատ խելացի, պարկեշտ, համեստ եւ խոհեմ երիտասարդ էր: Եվ, ընդհանրապես, այստեղի տղաները զինվոր դարձած են ծնվում, բարուրից են հայրենասիրության ոգով դաստիարակվում»:
Արտավազդ Ալեքսանյանի փոխանցմամբ` ինքն ու տեղի զինկոմը փորձում են ուժ հավաքել` բոթը հայտնելու համար. «Հիանալի, կրթված եւ մարդամոտ ընտանիք ունի Հակոբը: Քույրը մանկավարժ է, հայրը եւս դպրոցում է աշխատում: Մայրը տնային տնտեսուհի է: Անասնապահությամբ են զբաղվում: Իրենց արդար քրտինքով ապրող մարդիկ են: Հակոբի ծնունդն էր շուտով, ու ծնողները պատրաստվում էին գնալ, էս ինչ եղավ»:
Հավելենք, որ զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կամ հանցավոր խմբավորման կողմից դիտավորյալ սպանության հատկանիշներով: Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների՝ արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների եւ մեկ վիրավորի տվյալները:
Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը` Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը` Էլշադ: Հավելենք նաեւ, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս