ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԽԱՏԻ, ԵՐԲ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉՈՐՈՇԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական վերափոխումներով Հայաստանում անարդարության վերացման խոստումներ տվող իշխանությունը կարծես մոռացել է, որ մենք ունենք գործող Սահմանադրություն, որում արձանագրված դրույթները հանցավորությունն ու լկտիությունը չէ, որ խրախուսում են: Իշխանության հղացած «Հայեցակարգում» տեղ գտած սկզբունքներին հաղորդվում է աննախադեպության իմաստ՝ ստեղծված իրավիճակին անհաղորդության տպավորություն թողնելով: Ս. Սարգսյանի իշխանության հավերժացմանը միտված սույն փաստաթուղթը հռչակում է նոր Սահմանադրության հիմքում պարտադիր նշանակություն ունեցող հետեւյալ սկզբունքները՝ (1) դատական իշխանության անկախության ամրագրում սահմանադրական մակարդակում, (2) տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարական համակարգի ձեւավորում, (3) սահմանադրական կայունության ամրապնդման նախադրյալների ստեղծում:

Այսպես՝ հայեցակարգային հիմնարար սկզբունքներից հերթականը մասնավորեցնում է. «Սահմանադրական մակարդակում պետք է ամրագրվեն ու երաշխավորվեն դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ»: Հպանցիկ հայացքն իսկ բավական է՝ սույն սկզբունքի իրական տրամաբանությունը հասկանալու համար: Ըստ այդմ՝ սկզբունքային նշանակություն է ստանում դատական իշխանության անկախության ամրագրումը լոկ սահմանադրական մակարդակում: Առաջիկայում դեռ մանրամասնորեն կանդրադառնանք դատական իշխանության հայեցակարգային տեսլականին, սակայն նշյալ սկզբունքն արդեն իսկ սահմանում է խնդրի՝ բացառապես սահմանադրական հարթության կարգավորման առաջնահերթությունը: Բայց եւ այնպես, միեւնույն պահին բաց է մնում իրական կյանքում դատական իշխանության անկախության ապահովման հիմնախնդիրը:
Կարճ ժամանակ առաջ իշխանությունը համոզում էր, որ դատավորների եւ մնացած պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելով՝ համակարգի անկախության հարցը մասամբ կլուծվի, սակայն այսօր իրավիճակը նույն բնագավառում հաստատապես ավելի խայտառակ է: Ավելին՝ ակնհայտ է, որ համակարգի ներսում տիրող փնթիությունն առանձին կառուցվածքներում դիտարկելն այլեւս անհնար է: Արդարադատական համակարգի կախվածությունը ուղիղ համեմատական է երկրում ստեղծված իրավիճակին: Իշխանության համար անհրաժեշտ խնդիրների՝ դատական անկախության նսեմացման ճանապարհով հաղթահարելու պրակտիկան անկասկած պետք է հանգեցներ ողջ ինստիտուտի այլասերմանը: Եվ հիմա պատկերացնենք՝ ի՞նչ է տալու Հայաստանին ու նրա քաղաքացիներին սահմանադրական մակարդակում դատական իշխանության անկախության երաշխավորումը: Գործող Սահմանադրության 94-րդ հոդվածը հռչակում է, որ դատարանների լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ ու օրենքներով: Մի՞թե այս սկզբունքը երբիեւցե կաշկանդիչ է եղել իշխանության բարձրագույն օղակների համար, երբ դատարաններն օգտագործել են իրենց հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու գործում: Ի դեպ, արդեն 98-րդ հոդվածի համաձայն՝ դատավորներին արգելված է ձեռնարկատիրությամբ զբաղվելը: Սակայն Հայաստանում հաստատված ներկայիս բարքերի պայմաններում «իրեն հարգող» ու «կարգին տղա» դատավորը ինչպե՞ս կարող է բիզնես չունենալ:
Ապագայի Սահմանադրությունը եզրագծող սկզբունքներից մյուսը հիշատակում է տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման խնդիրը՝ կարեւորելով դրանց՝ ժողովրդավարական հստակ համակարգի ձեւավորումը: Ըստ էության, տեղական ինքնակառավարման մարմինները բնույթով կոչված են ժողովրդական ու ժողովրդավարական լինելու, քանզի դրանց տիրույթում գտնվող հիմնախնդիրներն առնչվում են սահմանափակ թվով քաղաքացիների, եւ ավելի հեշտ է դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը: Բայց արի ու տես, որ Հայաստանում այս տրամաբանությունն էլ է ենթարկվում իր «ավանդական» շեղմանը: Նկատենք, որ ցանկացած ինստիտուտի պոզիտիվ պարտականության գաղտնիքը կապված է միայն մեկ խնդրի հետ՝ ինչպե՞ս է ձեւավորվում այդ ինստիտուտը: Մեզ մոտ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումը գյուղական ու մարզային շրջաններում ամբողջովին գտնվում է «խնամի-ծանոթ-բարեկամ» հարթության մեջ: Մինչդեռ քաղաքային ՏԻՄ-երը կազմավորվում են հարաբերականորեն ավելի «թափանցիկ» մեխանիզմներով: Երկու անգամ Երեւանում ՏԻՄ-երը ձեւավորվել են ուղղակի քվեարկության արդյունքում, սակայն ընտրություններում տեղի ունեցած կեղծիքներն ու ապօրինությունները գրավել են ոչ միայն տեղական, այլեւ միջազգային ու դիվանագիտական շրջանակների ուշադրությունը: Արդ, եթե ՏԻՄ-ը ձեւավորվել է կեղծված ընտրությունների արդյունքում, մի՞թե սահմանադրական ինչ-որ մի պերճաշուք դրույթ կարող է ժողովրդավարացնել դրա աշխատանքը:
Վերջին սկզբունքը պահանջում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել «սահմանադրական կայունության ամրապնդման, Սահմանադրության գերակայության եւ սահմանադրականության հաստատման հարցերում»: Անշուշտ, այն պահին, երբ ստեղծվեն այդօրինակ նախադրյալները, Հայաստանում կյանքը կբարելավվի, իսկ համատարած խնդիրները միանգամից կլուծվեն: Այլ հարց է, որ անմիջապես էլ ծագելու է այդ նախադրյալների համար նոր նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությունը: Ըստ էության, Հայաստանում սահմանադրական անկայունություն ստեղծվում է բացառապես իշխանության գործողությունների արդյունքում: Երբ Սերժ Սարգսյանն անձամբ չորոշի քաղաքականությամբ զբաղվողների ցուցակը, դեռեւս չկայացած ընտրությունների արդյունքները եւ այլն, այդ ժամանակ կարելի է խոսել սահմանադրական երաշխիքների, նախադրյալների ու սկզբունքների մասին: Ի վերջո, ի՞նչ տարբերություն, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, կարեւոր է, թե ինչպես է այն գործում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻՆ ԿՐԿԻՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ

Երեկ ՀՀ Կառավարության շենքի առաջ «Նաիրիտ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները կրկին բողոքի ակցիա անցկացրեցին: Նրանք պահանջում էին իրենց 2 տարվա չվճարված աշխատավարձերը: Սակայն Կառավարության մոտ հավաքված նաիրիտցիներին այդպես էլ ոչ մի պաշտոնյա չմոտեցավ:

Տեղեկացնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ունի մոտ 400 միլիոն դոլարի պարտք: Գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited ընկերությունը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը: Այս տարվա փետրվարի 6-ին «Նաիրիտ»-ի ավելի քան երկու հազար աշխատակից ազատվեց աշխատանքից: Սակայն մինչեւ հիմա նրանք դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը, եւ չի կատարվել վերջնահաշվարկ: Մինչդեռ գործարանի տնօրինությունը նախկին աշխատակիցներին պարտք է երկու տարվա աշխատավարձ:
Բողոքող նաիրիտցիները երեկ Կառավարության շենքի առջեւ պարբերաբար վանկարկում էին «վարչապետ» եւ «պարտքի մարում»: Սակայն Կառավարությունից եւ ոչ ոք չարձագանքեց նրանց: Այս վերաբերմունքից զայրացած նաիրիտցիները սկսեցին ոտքերով գետնին հարվածել: Տեսնելով, որ միեւնույն է` ոչ ոք չի մոտենում իրենց, հուսահատված աշխատակիցները Կառավարության շենքից երթով քայլեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ նաիրիտցիները բողոքի ակցիաներ են անցկացնում ե՛ւ նախագահականի, ե՛ւ էներգետիկայի, ե՛ւ բնական պաշարների նախարարության մոտ, սակայն մինչ օրս երկու կառույցներից եւ ոչ մի ներկայացուցիչ չի հանդիպում նրանց հետ:
Իսկ մի քանի օր առաջ էլ, երբ նաիրիտցիները հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ հույս ունենալով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին, վերջինիս ավտոշարասյունն արագ անցավ՝ արհամարհելով նրանց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԷԺԱՆ ԴԵԿՈԴԵՐ
Հայաստանի հեռուստաընկերություններով անընդհատ գովազդվում է, որ 8 հազար դրամով վաճառվում են դեկոդերներ, որոնք հեռուստացույցին միացնելով՝ հնարավոր կլինի դիտել թվային ձեւաչափով հեռարձակվող հաղորդումներ: Նշենք, որ ներկայումս Տավուշի մարզում թվային են հեռարձակվում 6-7 հեռուստաընկերությունների հաղորդումներ, իսկ արդեն հունիսից Հայաստանում ամբողջովին անցում կկատարվի թվային հեռարձակման: Նոյեմբերյանի տարածաշրջանում դեկոդերներ տեղադրող մի մասնագետ, ով խնդրեց իր անունը չհրապարակել, ասաց, որ Տավուշի մարզում 8 հազարանոց դեկոդերներ չկան:
Նա հայտնեց, որ Նոյեմբերյան քաղաքի էլեկտրոնիկայի խանութներում վաճառվող դեկոդերների գինը սկսվում է 16 հազար դրամից: Ասվածում համոզվելու նպատակով «ժողովուրդ»-ն այցելեց Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի էլեկտրոնիկայի «Լիլիթ» հանրախանութ: Այդ խանութում թվային հեռարձակման դեկոդերները վաճառվում են 15-20 հազար դրամով: Խանութի սեփականատեր Զորիկն ասաց, որ ինքը շուրջ 15 տարի աշխատում է էլեկտրոնիկայի ոլորտում: Նա հայտնեց, որ ինքն էլ է տեսել Երեւանում վաճառվող 8 հազարանոց դեկոդերների մասին գովազդը, սակայն այդ գնի դեկոդերներ չի տեսել: Նա չբացառեց, որ կարող են լինել այդ գնի դեկոդերներ, սակայն համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն շատ վատ որակի եւ տեխնիկական սուղ հնարավարություններով:
Էլեկտրոնիկայի խանութի սեփականատերը հայտնեց, որ ներկայումս մարզի որոշ բնակիչներ գնում են 15-20 հազար դրամանոց դեկոդերներ, որոնք հնարավորություն են տալիս միացնելու հիշողության կրիչներ, տեսագրել հաղորդումներ եւ միացնել «մուլտիփլեյեր» սարքը: Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում բազմաթիվ ընտանիքներ կարիքավոր լինելով, մի կերպ լուծելով հանապազօրյա հացի խնդիրը՝ հնարավորություն չունեն դեկոդերներ գնելու: Արդյո՞ք հունիսին, երբ անցում կատարվի թվային հեռարձակման, պետությունը ընտանեկան նպաստ ստացող, կարիքավոր ընտանիքների համար դեկոդերներ ձեռք կբերի, ինչպես խոստացել է, եւ արդյո՞ք այդ դեկոդերները որակյալ կլինեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ
Երեկ Կառավարության նիստում ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է մի որոշման նախագծում փոփոխություն կատարել: Համաձայն այդ փոփոխության` Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը 25 հազար դրամի փոխարեն կսահմանվի 100 հազար դրամ: Նա նշեց, որ այս դեպքում անհրաժեշտ կլինի պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 միլիոն դրամ կամ տարեկան մոտ 30 միլիոն դրամ: Նշենք, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձ կա:




Լրահոս