ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչների եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջեւ հակամարտությունը տեւական ժամանակ է՝ շարունակվում է: Արդեն մի քանի անգամ Գառնի համայնքում «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ»-ի նախագծի հետ կապված հանրային քննարկում է տեղի ունենում, սակայն գառնեցիները դեմ են արտահայտվում նախագծին: Նրանք ծրագրի իրագործումը կանխելու նպատակով ստորագրահավաք են կազմակերպել, եւ այս պահին արդեն 2500 ստորագրություն է հավաքվել:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ծրագրին: Այդ նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից ոռոգման նպատակով 820/1,020 մմ տրամագծով 27 հազար 685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով ջուր տանել Արարատի մարզի 12 համայնք: Դրանք են՝ Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն: Ի դեպ, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը պետք է կառուցվի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում: Իսկ պատասխանատվությունը կրելու է ծրագիրն իրականացնող մարմինը` ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:
Սակայն գառնեցիները մտահոգված են այս ծրագրի իրագործմամբ: Բանն այն է, որ Քաղցրաշենի ծրագրի շնորհիվ Ազատ գետից ու Ազատի ջրամբարից ոռոգման ջրով ապահովվող համայնքների հաշվին Արարատի մարզի 12 համայնքների ոռոգումը կհանգեցնի ջրի սակավության եւ արդյունքում արդեն իրենք` գառնեցիները, ոռոգման ջրի խնդիր կունենան: Ծրագրի իրագործմանն ընդդիմանալու նպատակով գառնեցիները ստորագրահավաք են կազմակերպել, եւ այս պահին արդեն հավաքվել է 2500 ստորագրություն:
Խնդրի շուրջ Գառնիի բնակիչները նաեւ բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. «8.000 բնակչություն ունեցող Գառնի գյուղն ունի խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք: Գառնի համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 600 հա, որից 367 հա` վարելահող, 51 հա` այգիներ, 12,5 հա` խոտհարք, տնամերձեր՝ 151 հա, որոնք ոռոգվում են Ազատ գետի ջրով: Գառնի համայնքն ունի չոռոգվող եւս 600 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի ոռոգումը չի ապահովվել դրանց բարձրադիր գոտում գտնվելու պատճառով: Գառնիի համայնքապետարանը նույնպես ցանկանում է ավելացնել իր ոռոգելի տարածքները, սակայն դրա համար ներդրումներ են անհրաժեշտ: Այս դեպքում նախապատվությունը տրվում է, ոչ թե Գառնիի լրացուցիչ 600 հեկտար հողատարածքը ոռոգելուն, այլ Արարատի մարզի 387 հեկտարին»- ընդգծել են գառնեցիները: Սերժ Սարգսյանի կողմից դեռ արձագանք չկա:
Գառնիի բնակիչներից մեկը՝ Գրիգորը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին տարիներին Ազատ գետը խիստ սակավաջուր է դարձել, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում եւ չի բավարարում այդ ջրամբարից օգտվող համայնքների ոռոգման կարիքները: «Եթե այդ ջուրն էլ վերցնեն, ապա ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն մեր ցանքատարածությունները եւ մի հսկա տարածաշրջան, որը միշտ էլ հետաքրքրել է զբոսաշրջիկներին»,- լրացրեց Գրիգորը:
Բացի Գառնիի բնակիչներից՝ այս նախագծի իրականացմամբ մտահոգված են նաեւ բնապահպանները, քանի որ Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում են գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Մեսրոպ Խաչատրյանի հետ, ով լավ ծանոթ է վերը նշված նախագծին: «Այդ դժգոհող բնակիչները հին` ջրի հետ կապված խնդիրներ ունեն եւ այս ծրագիրը ցանկանում են օգտագործել՝ դրանք լուծելու համար: Այս ծրագիրը ես լրիվ վերջացրել, նոր ազատվել եմ աշխատանքից: Այն իրենից ոչ մի խնդիր չի առաջացնում»:
«Ժողովուրդ»-ը Գառնիի բնակիչներից տեղեկացավ, որ մոտ օրերս «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները այցելել են գյուղ՝ բնակիչների հետ հանդիպման: Սակայն գառնեցիների զգալի մասը չի մասնակցել հանդիպմանը, այդ պատճառով էլ քննարկումը չի կայացել:
Գառնեցիներին միայն մեկ հարց է հետաքրքրում՝ արդյոք Ազատ գետում առկա ջրի քանակությունը հնարավորություն տալիս է խողովակաշարով մոտ 900լ/վրկ քանակությամբ ջուր վերցնել ինքնահոս եղանակով Արարատի մարզի գյուղերին մատակարարելու համար: «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները բնակիչներին խոստացել են հաջորդ քննարկմանը ներկայանալ մասնագետների հետ միասին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՐԿ
Նախօրեին Գյումրիում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հանդիպելով սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ, այցելելով հասարակական կազմակերպություններին եւ ծանոթանալով նրանց գործունեությանը՝ նախարարը վերջում հանդիպեց նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Վերջինս հանդես եկավ երկու կարեւոր առաջարկությամբ՝ ասելով. «Գործազրկության մակարդակով Գյումրին առաջին տեղում է, ուստի անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել»:
Քաղաքապետի առաջին առաջարկը վերաբերում էր սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնների ստեղծմանը: Ինչը ենթադրում է թոշակների, նպաստների եւ սոցիալական այլ ծառայությունների միավորում, որն ինչ-որ չափով կթեթեւացնի գյումրեցու հոգսը: Քաղաքապետն անգամ այս նպատակի համար տարածք է տրամադրում՝ առաջարկելով վերանորոգել բարձիթողի վիճակում հայտնված «Շիրակ» հյուրանոցը: Նախարարին քաղաքապետի առաջարկը դուր եկավ, սակայն այն իրագործելու համար շռայլ խոստումներ չեղան: Արտեմ Ասատրյանը միայն նշեց, որ այդ ծրագիրը թերեւս հնարավոր է իրականացնել համաշխարհային բանկի աջակցությամբ:
Մի փոքր ավելի հավանական եւ իրագործելի դիտվեց քաղաքապետի երկրորդ առաջարկը, որը զուտ սոցիալական էր:
«Մի ժամանակ կար «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը, որն իրականացվեց Գյումրիում, տարիներ առաջ: Ծրագիրն իր ցանկալի արդյունքը տվեց, քանի որ քաղաքացիների կողմից տարվում էին հասարակական աշխատանքներ, ինչի դիմաց նրանք ստանում էին սնունդ: Առաջարկում եմ այդ ծրագիրը կրկին կյանքի կոչել»,-ասաց Ս. Բալասանյանը:
Ա. Ասատրյանը խոստացավ զբաղվել ծրագրով՝ նշելով սակայն, որ արդեն ծրագիրը կլինի ոչ թե սնունդ աշխատանքի դիմաց, այլ վարձատրություն: Ավելացնենք, որ Ս. Բալասանյանի եւ Ա. Ասատրյանի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կրկին հանդիպելու շուրջ՝ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՎՆԱՍԵԼ Է
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Աշոտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բարեկամ Արման Տոնոյանի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության դեմ դժգոհություն արտահայտելով՝ 2015թ. հունվարի 12-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, դիտավորյալ հարվածել-հրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դարպասները, որի հետեւանքով վնասվել է դարպասները հեռակառավարման վահանակով բացող-փակող մեխանիզմը՝ դատարանին պատճառելով 300 հազար դրամի գույքային վնաս: Ա. Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է մարտի 18-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ