«Մարդիկ կարծես բժշկի կարոտ, չտես լինեին». արզականցիները մնացել են առանց բժիշկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքն ընտանեկան բժշկի կարիք ունի: Մեկ տարվա ընթացքում Արզականի բժշկական ամբուլատորիան հասցրել է ունենալ մի քանի տարբեր բժիշկներ, ովքեր համատեղության կարգով եղել են նաեւ ամբուլատորիայի տնօրենները: Ինչպես Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանն է «Ժողովուրդ»-ին փոխանցում, այս պահին բնակիչները բժշկի խիստ կարիք ունեն, սակայն ոչ մի բժիշկ չի ցանկանում հիմնական աշխատել Արզականի բուժամբուլատորիայում:

ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի բնակիչները արդեն մեկ տարի է, ինչ առողջապահության նախարարությունից եւ Կոտայքի մարզպետարանից պահանջում են իրենց ընտանեկան բժիշկ տրամադրել, ով կկարողանա մշտապես գյուղում լինել:
Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ գյուղացիներն այս օրերին բժշկի խիստ կարիք ունեն եւ անհանգստացած են, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ այս խնդիրը չի լուծվում:

«Ես մեծ ցավ եմ ապրում, որ գյուղում այս վիճակն է: Իսկ Հասմիկ Ազատյանը միաժամանակ Չարենցավանի բկ-ում էր աշխատում, դրա համար էլ չէր հասցնում երկար ժամանակով լինել Արզականում: Բնակիչներն էլ անհամբեր են, մեկ րոպե շուտ են ցանկանում բուժվել, առողջանալ: Անընդհատ բողոքում էին, ասում էին՝ գալիս ենք, բժիշկը տեղում չէ: Այս ամենից հետո մարզպետի մոտ քննարկում տեղի ունեցավ, որից հետո Ազատյանն ազատվեց աշխատանքից»,-ներկայացրեց գյուղապետը:

Արզականցիների պատմելով՝ բուժամբուլատորիայում ով բժիշկ է նշանակվել, անմիջապես մի քանի ամիս անց ազատվել է աշխատանքից: Կարճ ժամանակահատվածով աշխատած բժիշկներն են Սիրանույշ Զարգարյանը եւ Հասմիկ Ազատյանը: Վերջիններս միաժամանակ համատեղության կարգով աշխատել են որպես տնօրեն: Իսկ հիմա բժշկի պարտականությունները ժամանակավոր կատարում է Ժորժ Քոչարյանցը, ով նաեւ «Ալափարսի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենն է:

«Գյուղը մեծ է, հանգստի գոտու շարունակությունն է, որտեղից ամռան շրջանում մարդիկ են գալիս եւ մեր ամբուլատորիայում են սպասարկվում: Մեզ օդ ու ջրի պես բժիշկ է պետք: Իսկ մեր ամբուլատորիան ժամանակակից է, գտնվում է նորմալ վիճակում, ունի բուժանձնակազմ, որոշակի սարքավորումներ: Ուղղակի մեկ տարի է, ինչ բժիշկ չունենալու պատճառով նման խնդիրների առաջ ենք կանգնել: Միայն զարմանում եմ, թե ինչու են երիտասարդները խուսափում գյուղական վայրերում աշխատելուց»,- մտահոգվեց գյուղապետը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հրամանով այս տարվա հունվարի 12-ին Հասմիկ Ազատյանը «Արզականի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է: Ինչից հետո ընկերության տնօրենի լիազորությունների իրականացումը ժամանակավորապես դրվել է հաշվապահ Լյուդվիգ Հարությունյանի վրա:

Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ գյուղացիների՝ հիմնական բժիշկ ունենալու ցանկությունը շուտով կիրականանա: «Բոլոր պատկան կառույցներին դիմել ենք այս հարցով, բայց չկա բժիշկ, չեն գալիս Արզական: Հավանաբար չեն ցանկանում գյուղում աշխատել»,- լրացրեց տնօրենի ԺՊ-ն:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ աշխատանքից ազատված Հասմիկ Ազատյանի հետ եւ հետաքրքրվեց, թե իրականում ինչն է եղել Արզականի բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարվելու պատճառը: «Ես միաժամանակ աշխատում եմ նաեւ Չարենցավանի բժշկական կենտրոնում, այս պատճառով էլ չէի հասցնում: Ես դեռ վաղուց էի դիմել մարզպետարան՝ ինձ աշխատանքից ազատելու պահանջով: Բայց քանի որ ես ապրում եմ նաեւ Չարենցավանում, այս պատճառով էլ ինձ հարմար է մնալ եւ աշխատել այստեղ: Բացի այս՝ իմ առջեւ կտրուկ հարց դրեցին եւ ընտրելու հնարավորություն տվեցին՝ Չարենցավան կամ Արզական, դրա համար էլ ընտրեցի Չարենցավանը ու Արզականից հրաժարվեցի»,- ներկայացրեց Ազատյանը:

Զրույցի ավարտին նա ժպիտով հիշեց, որ արզականցիները մշտապես կիսվել են իր հետ ու հարգանքով են վերաբերվել իրեն. «Այդ գյուղն իրականում ունի բժշկի կարիք, որովհետեւ այն ժամանակ, երբ ես էի աշխատում այնտեղ, մարդիկ կարծես բժշկի կարոտ, չտես լինեին: Գալիս էին, լցվում գլխիդ ու հարցեր տալիս: Դժգոհ չեմ եղել նաեւ բուժանձնակազմից, ովքեր ինձ հետ հարգանքով էին»:

«Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ դիմեց նաեւ Կոտայքի մարզպետարան, որտեղից նշեցին, թե իրենք նույնպես մտահոգված են եւ ամեն ինչ ձեռնարկում են, որպեսզի տվյալ ամբուլատորիան հիմնական բժիշկ ունենա:
Որքան էլ որ գործող իշխանությունները հայտարարում են, թե ամեն ինչ ձեռնարկում են, որպեսզի երիտասարդ կադրերը գնան եւ գյուղերում աշխատեն, փաստացիորեն այսօր ականատես ենք լինում հակառակ գործընթացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս