ՉՈՐՐՈՐԴԻՆ ՀՐԱՎԻՐԵԻՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրներից երեքի` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների՝ Աստանայում նախատեսված հանդիպումը երեկ, ի վերջո, տեղի է ունեցել: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանն այս հանդիպմանը չի հրավիրվել: Հանդիպումն ի սկզբանե ծրագրված էր մարտի 13-ին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այն մեկ շաբաթով հետաձգվել էր: Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը ուշագրավ հայտարարություն է արել: «Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք շարունակել արժութային քաղաքականության համակարգումը: Կարծում ենք, որ ժամանակն է խոսել արժութային միության ձեւավորման հնարավորության մասին»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նշենք, որ արժութային միության ստեղծումը մեկ ընդհանուր արժույթի անցնելու ճանապարհին կլինի առաջին քայլը: Եւ հենց այս հայտարարությունը պարզաբանում է նաեւ հարցը, թե Սերժ Սարգսյանին այս հանդիպմանը ինչու չեն հրավիրել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի արժույթը` դրամը, սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ուստի ԵՏՄ շրջանակներում ընդհանուր մեկ արժույթի անցնելու տարբերակին Հայաստանը, գոնե առայժմ, չի կարող միանալ (Սահմանադրության փոփոխություններում առնվազն նման դրույթ էլ պետք է ներառվի): Բայց հանրության կողմից վերաբերմունքը միանշանակ կլինի բացասական: Բայց արդյո՞ք իրականում Ս. Սարգսյանի հրավերը «մոռանալու» պատճառը հենց այդ էր:
Հ. Գ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց եռյակով կրկին կհանդիպեն, այս անգամ արդեն Մոսկվայում:

 

 

 
Եկող երկուշաբթի կմեկնարկի ՀՀ ԱԺ հերթական քառօրյան, որը շրջադարձային է լինելու դե ֆակտո մասնատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության համար: Գագիկ Ծառուկյանի հրաժարականների շարանից հետո ԲՀԿ-ն հրաժարվելու է «այլընտրանքային» կուսակցության անհասկանալի ուղղվածությունից: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց որոշումը չի փոխվել, եւ առաջիկա քառօրյայի սկզբում ինքը կհայտարարի, որ ԲՀԿ խմբակցությունն ընդդիմություն է դառնում: Իսկ քանի՞ պատգամավոր ունի ԲՀԿ-ն, եւ քանի՞սը կկիսեն ԲՀԿ-ի դիրքորոշումը: Մեր այս հարցին տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ խմբակցությունն այսօր պաշտոնապես ունի 33 պատգամավոր, սակայն նրանցից 11-ն արդեն հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին: Փաստաթղթի վրա նրանք ԲՀԿ խմբակցության անդամ են, փաստացի` ոչ»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարի ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալու մասին, նրա նախկին կուսակիցներն իրենց հերթին կհայտարարեն, որ դա իրենց չի վերաբերում:

 

 

 

 
ՀՀ ԱԺ աշխատակազմը այս տարվա սկզբին ապահովագրել է խորհրդարանի հաշվեկշռում գտնվող 95 ավտոմեքենաները` դրանց համար վճարելով 4 մլն 238 հազար 40 դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապահովագրությունն իրականացվել է «Գարանտ Ասիստանս» ապահովագրական ընկերությունում: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանի ընտանիքին, ավելի կոնկրետ՝ նրա որդուն՝ Սերգեյ Բաբլոյանին: Թե ինչպես է ստացվել, որ հենց այս ընկերությունն է ԱԺ-ի ավտոմեքենաները ապահովագրել, դժվար չէ կռահել: Ի վերջո, ԱԺ բազմազբաղ խոսնակ Գալուստ Սահակյանը ԱԺ աշխատակազմի ողջ դժվարությունները թողել է խնայողությունների ռեժիմով ապրող ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որն էլ անձամբ է որոշում՝ ում հետ ինչ փոխհարաբերություններ կառուցել: Չի բացառվում, որ «էկոնոմ ռեժիմի» սկզբունքներից է բխում «ծանոթի» մոտ ԱՊՊԱ անելը:

 

 

 

 
Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հարկային ծառայության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքը նույն էր՝ «գործարար Ռ.Ա.»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված գործարարը սնանկ ճանաչված «Տապինո» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուզաննա Աբրահամյանն է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջինս իր ցուցմունքներում հիշատակել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս է եղել Ռուզաննա Աբրահամյանի «տանիքը»: Այս պատմության առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Միրզոյանը զայրացած վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Ռուզաննա Աբրահամյանի հասցեին՝ նշելով, թե նրա հետ ոչ մի կապ չունի: Մեր հարցին, թե խոսակցություններ կան, որ իբր Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ՀՔԾ նախկին պետին կաշառք է տվել, Անդրանիկ Միրզոյանը պատասխանեց. «Փակե՛ք, լավ էլի, ղալաթ է արել, ես ասելու բան չունեմ»:

 

 

 

 
ԱՆԶԻՋՈՒՄ

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ նիստը նախագահող բրիտանացի պառլամենտական Սաջադ Քարիմի առաջարկությունը` որպես հայ-թուրքական սահմանի բացմանն ընդառաջ քայլ դիտարկել ԼՂՀ-ին հարակից տարածքների վերադարձը, մեծ արձագանք ստացավ: «Մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ արձանագրությունները սառեցված են, թեեւ դա էլ վախճան չէ: Ուզում ենք իմանալ ձեր տեսակետը դրա վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ որոշ դիվանագիտական աշխատանք է տեղի ունեցել, ես չեմ վիճարկի բարի կամքի դրսեւորումը, բայց չե՞ք կարծում, որ հայկական կողմից, օրինակ, քայլ արվի, եւ, ասենք, ոչ ԼՂՀ-ն, ինչ-որ ուրիշ տարածքների զիջումը հարցին օգնի»,- հարցրել էր եվրոպացի պատգամավորը, ինչին ի պատասխան՝ երեկ սոցիալական ցանցերն ու լրատվական կայքերը հեղեղվեցին Սաջադ Քարիմին դատափետող հրապարակումներով` «ոչ մի թիզ հող թշնամուն» հռետորաբանությամբ:
Ինչ խոսք` միանգամայն ողջունելի է այն, որ մեր հանրությունն այսքան բուռն է արձագանքում տարածքներ զիջելու ցանկացած առաջարկի, եթե անգամ դա հնչել է ընդամենը հայկական կողմի տեսակետը պարզելու նպատակով տրված հարցի տեսքով: Միանգամայն տեղին է նաեւ հենց նիստի ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի արձագանքն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, եւ անընդունելի է երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտել որպես Հայաստան-Թուրքիա հարաբերություների նախապայման:
Սակայն արդյո՞ք այդօրինակ հարցադրումները մեզ համար պետք է անսպասելի լինեն, արդյո՞ք Հայաստանի իշխանությունը չէր, որ հենց նման նախապայմանների կուլիսային առաջքաշումն անտեսելով` համաձայնեց 2009 թ-ին ստորագրել Ցյուրխյան տխրահռչակ արձանագրությունները: Ի վերջո, չենք կարող մոռանալ 2005թ-ին ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղի հարցով կազմակերպված լսումների ընթացքում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը եւ «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտարարությունը: Ուստի տարածքների վերադարձին դեմ հանդես եկող մեր հանրությունը նախ եւ առաջ սեփական իշխանություններից պետք է պահանջի պարզաբանել` արդյոք տարածքների վերադարձման հարցը ներկայումս քննարկվում է, եւ արդյոք Սերժ Սարգսյանն Աղդամն այլեւս իր հայրենիքն է համարում:
Հակառակ դեպքում` որքան էլ որ դա տհաճ լինի, մեր արդարացի վրդովմունքն ու ընդվզումն այս հարցում որեւէ արժեք չեն ունենալու Սաջադ Քարիմի նման օտարերկրյա քաղաքական գործիչների համար: Կարելի է, իհարկե, Սերժ Սարգսյանի բառապաշարով ասել` «ջհանդամը» իրենք էլ, իրենց դիրքորոշումն էլ, ափսոս, սական, որ դրանից նրանց նշանակությունը չի փոքրանա, եւ տարածքների վերադարձի հարցը կշարունակի մնալ որպես գերտերությունների քաղաքական օրակարգի ակտուալ թեմա:




Լրահոս