ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ՊՆ նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարձակություն չի ունենա պատերազմ սկսելու:

-Պարո՛ն Հարությունյան, ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, անդադար գնդակոծում է ՀՀ սահմանը, իսկ նախօրեին էլ դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 զոհ ունենք ու 4 վիրավոր: Ի վերջո, ի՞նչ է անում ՀՀ պաշտպանության նախարարությունը, որպեսզի նման դեպքերում զոհերն այդքան շատ չլինեն:
-Պաշտպանության նախարարությունում ամեն ինչ անում են, որպեսզի այդ դեպքերը չլինեն, բայց որ ազերիները իրենց շատ վատ են պահում, ցանկություն ունեն Արցախի հարցը ուժային մեթոդով որոշել, դա ակնհայտ է: Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի նրանց դա թույլ չտանք: Թե ինչքան է այս ամենը շարունակվելու, մենք չենք կարող պատասխանել, այդ հարցին պետք է պատասխանի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Ալիեւը, իրենց գլխավոր շտաբի պետը: Մենք ամեն ինչ անում ենք, որ ուժեղ լինենք, մեր բանակը ուժեղ լինի, որպեսզի կարողանանք Ադրբեջանին տալ այն հակահարվածները, ինչին նրանք արժանի են:
-Տեսակետ կա, որ Ադրբեջանի ակտիվացումը կապված է օրերս Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության հետ, թե. «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»: Դուք այդ կարծիքին ե՞ք:
-Ես այն տեսակետին եմ, որ երբ կստորագրվի, որ Արցախը անկախ պետություն է, ինչի մասին մենք գիտենք, այդ ժամանակ կերեւա: Ես համոզված եմ, որ այդ ժամանակ նոր կլուծվի այդ հարցը:
-Ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ այս լարված օրերին ճիշտ կլինի, որ հայ զինվորներին առաջի գծից «հեռացնեն», ու սահմանում լինեն այն մարդիկ, որոնք փորձառու են: Ըստ Ձեզ՝ հասունացե՞լ է այն պահը, երբ պետք է ազատամարտիկները սահման գնան:
-Գիտեք ինչ՝ սահմանի վրա կարող է զոհվել ե՛ւ զինվոր, ե՛ւ ազատամարտիկ: Մեր զինվորներն իրենց պարտականությունները շատ լավ են կատարում, ազատամարտիկների օգնությունը կլինի այն ժամանակ, եթե, Աստված ոչ արասցե, սկսվի պատերազմ: Ազատամարտիկներն իրենց խնդիրները կատարել են ու հիմա ուրիշ խնդիրներ են կատարում՝ օգնում են, որպեսզի զինվորի ոգին բարձրացնեն: Իսկ ինչ վերաբերում է առաջին գծին, ապա մենք ունենք զինված ուժեր, որոնք իրենց խնդիրները շատ լավ են կատարում, ոչ պակաս լավ, քան կարող են կատարել ազատամարտիկները: Մենք կարող ենք ունենալ քիչ մարդ սահմանի վրա, բայց ավելի լավ պատրաստված, քան հակառակորդն է: Ես համոզված եմ, որ մեր զինված ուժերն ավելի լավ են պատրաստված, քան Ադրբեջանի զինված ուժերը:
-Բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասել է. «Չեք կարծո՞ւմ, որ հայկական կողմն, օրինակ, կարող է ինչ-որ քայլ անել, ասենք, ինչ-որ տարածքներ հանձնի, ոչ բուն Ղարաբաղի, այլ նրա շուրջ գտնվող, եւ որ դա կօգնի հարցի լուծմանը»: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը նման առաջարկին:
-Փոխզիջումների կարող ենք գնալ այն ժամանակ, եթե որոշվի Ղարաբաղի հարցը, եթե չորոշվի Ղարաբաղի հարցը, ինչ փոխզիջումների մասին է խոսքը, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող: Թող սկզբում ադրբեջանցիները ստորագրեն, որ Արցախն անկախ պետություն է, դրանից հետո մենք կմտածենք՝ ինչ վերադարձնել կամ չվերադարձնել:
-Այնուամենայնիվ, միջազգային կառույցները կարծես թե որեւէ կոշտ հայտարարությամբ չեն պատրաստվում հանդես գալ, ինչից Ադրբեջանն էլ ավելի է ոգեւորվում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է այս դեպքում անեն ՀՀ իշխանությունները:
-Արձագանքներ եղել են Մինսկի խմբի համանախագահների կողմից` կապված մեր ուղղաթիռի ոչնչացման հետ, բայց, իհարկե, ես կցանկանայի, որ ավելի խիստ արձագանք լիներ համանախագահների կողմից:
-Իսկ այս ընթացքում ՀՀ դաշնակից Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել:
-Իհարկե, ես չէի ցանկանա, որ զենք վաճառվեր, բայց եթե անգամ ՌԴ-ն չտա, ապա իրենք կարող են դա գնել Թուրքիայից, այլ պետություններից, այնպես որ, եթե իրենք ունեն ֆինանսական միջոցներ, կարող են եւ այդ զենքն ուրիշ տեղից գնել: Ես համոզված եմ, որ մոտակա ժամանակներում պատերազմի հոտ չկա, համոզված եմ, որ Ալիեւը նման որոշում չի ընդունի: Իսկ եթե նման որոշում ընդունի, կստանա այն պատասխանը, որին արժանի է:

 

 

 

 

 
ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԴԵՄ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Սակայն հանձնաժողովի թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորները նախագիծը քննադատեցին եւ այն ԱԺ օրակարգ չընդունվեց:

Նախագծով առաջարկվում է, որպեսզի ԱԺ-ն հայտարարի, թե հետամուտ է լինելու գործի բացահայտմանը: «Աժ-ն ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման եւ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում ՀՀ քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»,- ասված է նախագծում:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ մինչ այսօր չի հրապարակվել ՀՀ դատախազի նամակը ՌԴ դատախազին. «Այս հայտարարությունը նրա համար է, որ մենք դատապարտենք ու հետամուտ լինենք մեր իրավունքներին եւ որպես սուվերեն պետություն՝ պաշտպանենք մեր իրավունքները: Եթե չենք անում, նշանակում է, որ ենթարկվում ենք այլ պետության ապօրինի պահանջներին եւ չենք հարգում մեր ինքնիշխանությունը»,- հայտարարեց Փոստանջյանը:
Նրա խոսքից հետո հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ հայտարարելով, թե նախագիծն ամբողջությամբ կառուցված է այն դատողության կամ հիմքի վրա, որ Պերմյակովը կատարել է սահմանախախտման փորձ, սակայն նրան ՀՀ սահմանը խախտելու մեղադրանք չի առաջադրված: Գ. Ջհանգիրյանը նշեց, որ պայմանագրերում ասվում է՝ եթե ձերբակալումը կատարեին ՀՀ իրավապահները ՀՀ տարածքում, այդ անձը պետք է գտնվեր ՀՀ իրավասության ներքո, բայց եթե ձերբակալումը ՀՀ տարածքում կատարել են ՌԴ իրավապահները, ապա ձերբակալվածը գտնվում է ՌԴ իրավասության ներքո, եթե նա հանցագործություն է կատարել ռազմաբազայի տարածքում: «Այսպիսի նախագծերով Ավետիսյանների հարազատներին փորձում ենք գցել թյուրիմացության մեջ»,-հայտարարեց Ջհանգիրյանը՝ հավելելով, թե ամեն դեպքում կողմ կքվեարկի:
Այնուհետեւ նախագծի հետ կապված վիճաբանություն սկսվեց Փոստանջյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի միջեւ, որը նախագծով հարակից զեկուցող էր: Սակայն հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց դադարեցնել վիճաբանությունը` նշելով, որ ՀՀԿ-ականները դեմ են նախագծին: «Այս ձեւով փաստաթուղթ ընդունելը տեղին չէ, հանձնաժողովն էլ կապրիզների տեղ չէ: Մենք դեմ ենք, մենք դեմ էլ չենք, մեզ ստիպում եք դեմ լինել»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Զ. Փոստանջյանը հրաժարվեց ետ վերցնել նախագիծը, արդյունքում ՀՀԿ-ականների քվեարկության շնորհիվ նախագիծը չմտավ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՀԱԿ-Ի ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչեւ 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ: Պետբյուջեից ՀԱԿ կուսակցությունը ստացել է 682 հազար 600 դրամ: ՀԱԿ-ի դրամական միջոցները 2014 թվականին ընդհանուր կազմել են 5 մլն 227 հազար դրամ: Այդ գումարից ՀԱԿ-ը 1 մլն 807 հազար 500 դրամ վճարել է կոմունալ վարձերի համար, 174 հազար դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել, 40 հազար դրամ կազմել են տրանսպորտային ծախսեր: Գրասենյակային ծախսերը, Եվրոպայի Լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության անդամավճարը եւ այլ ծախսերը կազմել են ընդհանուր 2 մլն 703 հազար 200 դրամ: Անցած տարվա վերջին ՀԱԿ-ի դրամարկղի մնացորդը կազմել է 502 հազար 300 դրամ: Ի դեպ, ՀԱԿ-ն ունի մեկ անշարժ գույք, որի հաշվեկշիռային արժեքը կազմում է 55 մլն 848 հազար 975 դրամ:

 

ԱԱԾ-Ն ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության` ընդդեմ «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի: ԱԱԾ-ն պահանջում է նշված ընկերությունից հօգուտ իրեն գումար բռնագանձել, սակայն պահանջվող գումարի չափը չի հրապարակվում: Ավելին՝ այս գործով պատասխանող է նաեւ «Կոնվերս բանկը»:
Նշենք, որ «Հանեշ Գրուպ»-ն ընկերություն է, որը զբաղվում է պետական հիմնարկներին տարբեր ապրանքների մատակարարմամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դատարանին, որպես հայցի ապահովման միջոց, «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը գործով դատավոր Նաիրա Մարգարյանը, բնականաբար, բավարարել է:

 

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գույքի եւ եկամուտների՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա տարեկան եկամուտը կազմել է 7 միլիոն 861 հազար դրամ: 2014 թվականի սկզբին Էդուարդ Շարմազանովի դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ, իսկ տարվա վերջին նրա բանկային հաշվում արդեն եղել է 16 միլիոն դրամ: Անցած տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, Շարմազանովը անշարժ եւ շարժական գույքի հետ կապված գործարքներ չի կատարել` ո՛չ գնել է եւ ո՛չ էլ վաճառել:




Լրահոս