ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԻՆՔՆԱԱԶԱՏԱԳՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` Ռուսաստանին հասցեագրված դժգոհությունը՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստով պայմանավորված, բազմաթիվ հարցերի տեղիք տվեց:

Մասնավորապես, հիմնական հարցը, որ այս ընթացքում հնչում էր՝ ինչու Սերժ Սարգսյանը հենց հիմա հիշեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, ինչու նա այդ մասին չէր խոսում այն ժամանակ, երբ պայմանագիրն էր ստորագրվում, երբ զենքը դեռ չէր մատակարարվել: Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն ասել էր. «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»:
Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրներից երեքի` Ռուսաստանի, Բելոռուսի եւ Ղազախստանի նախագահները որոշել են առանձին հանդիպել եւ ԵՏՄ շրջանակներում իրենց տնտեսական հարաբերությունների հարցերը քննարկել: Ավելին՝ սկզբում այդ հավաքույթը նախատեսված էր մարտի 13-ին, բայց հետագայում այն հետաձգվեց մարտի 20-ին, եւ կրկին առանց Սերժ Սարգսյանի: Ավելին՝ երեկ էլ հայտնի դարձավ, որ եռյակի անդամներով որոշել են մայիսի 8-ին կրկին հանդիպել, այս անգամ արդեն Մոսկվայում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԵՏՄ-ի շրջանակներում Սերժ Սարգսյանի մասին բոլորը մոռացել են եւ ոչ էլ ուզում են հիշել, նույնիսկ այն բանից հետո, երբ նա իր մասին հիշեցրեց: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ռուսներին «ատամ ցույց տալ» կամ գոնե նեղացածի կերպար ընդունել: Ու եթե վերհիշենք միայն վերջին երեք ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, կհամոզվենք, որ դրա համար նա բազմաթիվ պատճառներ ունի: Փոխարենը ուշագրավ է ռուսական կողմի պատասխանը, որը երեկ հնչեց պաշտոնական Կրեմլի հիմնական քարոզիչի՝ Դմիտրի Կիսելյովի շուրթերից: Վերջինս «Կովկասի լրատու» լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի մասին ասել էր. «Նա իր խոսքը միշտ պահում է: Մեր օրերում նույնիսկ մեծ երկրների ղեկավարները չունեն այդ որակը: Ալիեւը ցույց է տալիս այն, ինչից կարող են շատերը սովորել: Ես կարծում եմ, որ դա նախանշում է Պուտինի եւ Ալիեւի ընկերական եւ հավատարիմ հարաբերությունների բնույթը: Նրանք երկուսն էլ գիտեն, որ կարող են միշտ հույս դնել միմյանց վրա փոխադարձ պարտավորությունների ըմբռնման եւ կատարման առումով: Ալիեւի կարծրությունը եւ, ես կասեի, աշխարհը Ադրբեջանում պահելու ռազմավարական խելամտությունը ապահովում են շատ լավ հեռանկարներ այդ երկրի եւ ազգի համար»:
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի հակառուսական հայտարարությունը կարելի է դիտարկել նաեւ Եվրոպա կատարելիք այցից առաջ նախապատրաստություն, քանի որ նա դրանից ընդամենը մեկ օր անց մեկնեց Բրյուսել, որտեղ մասնակցեց ԵԺԿ գագաթնաժողովին: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի տնտեսությունում առկա ճգնաժամը գնալով վատթարանում է, եւ եթե առաջիկայում ՀՀ իշխանությունները չկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավվել` մոտ մեկ միլիարդ դոլարի չափով, ապա առկա ճգնաժամը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ուստի ՀՀ իշխանությունները վերջին շրջանում հնարավոր բոլոր ձեւերով փորձում են եվրոպական կառույցներին համոզել, որ նրանք շարունակեն Հայաստանին գումարներ տրամադրել:
Իսկ ինչու Սերժ Սարգսյանը մինչ այս չէր համարձակվում ռուսներին հակաճառել, ռուսական կողմը ինչպես ուզում, այնպես վարվում էր նրա հետ, բայց նա չէր համարձակվում ծպտուն անգամ հանել եւ հնազանդ տանում էր բոլոր «դժվարությունները»: Բանն այն է, որ մինչեւ փետրվարյան հայտնի իրադարձությունները, ոչ իշխանական ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը դարձել էին Սերժ Սարգսյանի գլխին կախված մահակ: Նա շատ լավ գիտեր, որ եթե իրեն հնազանդ չպահի, ապա ռուսական կողմը կարող է տարբեր կարգի խառնակչություններով նշված երկու ուժերին իշխանության բերել: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը փաստացի քաղաքական գործոն չեն, ուստի Սերժ Սարգսյանն այլեւս ազատ է գործելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Եւ հիմա, առավել քան երբեւէ, ամուր կանգնած է իշխանության ղեկին եւ փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ ինչպես նախկինում, այժմ էլ նրանք Հայաստանի հետ կապված ծրագրերը միայն իր հետ կարող են իրագործել: Ուստի այս փուլում էլ Սարգսյանը փորձում է ռուսներից նեղացածի կեցվացք ընդունելով՝ ետ բերել վերջին մեկուկես տարում կորցրած իր դիրքերը: Իսկ թե ռուսական կողմը նրա այս պահվածքին ինչպես կարձագանքի, ցույց կտա ժամանակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՔ ԱՆՎՃԱՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը մի տատիկի անվճար բուժման ուղեգիր է տվել: Ամիսներ անց տատիկը եկել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված է առողջապահության նախարարությունը, եւ մի խառնաշփոթ սարքել շենքի բակում: Ըստ ականատեսների՝ նա պատմել է, որ անվճար բուժման ընթացքում ինքը բուժկենտրոնի մեջ գտնվող խանութից պարտքով ապրանք է վերցրել, եւ այժմ խանութի աշխատակիցները իրենից պահանջում են վճարել գումարը: Տատիկն էլ իր հերթին առողջապահության նախարարությունից է պահանջում, որ նրանք մարեն անվճար բուժման ընթացքում բուժհաստատությունում գործող խանութում կուտակած իր պարտքերը:

 

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ
Մայիսի 3-ի ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրումն ավարտվեց: Ապրիլի 1-ին կսկսվի գրանցված կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական քարոզարշավը: ԼՂՀ ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակներ են ներկայացրել 7 կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը` 34 թեկնածու, Կոմկուսը, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները` 14-ական թեկնածուներ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35 թեկնածու, եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունը` 50 թեկնածու: ԼՂՀ ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, իսկ «Ազատ հայրենիք» կուսակցությունը` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, որը կուսակցության ղեկավարն է:

 

ՈՉ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կապ կա մարտի 19-ին շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիայի եւ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթի միջեւ, պատասխանեց. «Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման լկտի գործողություններ է կատարում սահմանին։ Մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք՝ Հայոց ցեղասպանությանն ընդառաջ Ադրբեջանը կսրի իրավիճակը սահմանին՝ այս կերպ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից։ Կապ չեմ տեսնում նախագահի ելույթի եւ սահմանային վերջին միջադեպի միջեւ։ Պարոն նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելու մասին։ Պարոն նախագահի կարծիքը եղել է ուղիղ եւ շիտակ։ Պետք չէ դավադրությունների տեսությանը հավատալ», – նշեց նա։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրենց մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ սահմանին կանգնած զինվորն էլ գիտակցում է, որ իրեն ցանկանում են սպանել ռուսական զենքով:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱԿՏԻՎ ՇՓՎՈՒՄ Է
Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է ՌԴ-ի մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների: Նա պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին՝ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության, տարածաշրջանային մարտահրավերների ու միջազգային արդի խնդիրների, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մասին:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը երեկ հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Նախարարները քննարկել են վերջին շրջանում Արցախ-Ադրբեջան շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքերը:

 

ԽՈՍՔԻՑ` ԳՈՐԾԻ
Վարչապետ Հ. Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստում ունեցած ելույթում ասել է. «Անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից ու հայտարարություններից եւ ձեռնարկել գործնական քայլեր՝ մաքսային ոլորտում առկա պայմանագրային բազայի իրագործման եւ այդ նպատակով համապատասխան արդյունավետ մեխանիզմների ձեւավորման համար»:

 

ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չի բացառվում առնվազն 2 տարբերակ մշակելու հավանականությունը, որոնցից մեկը կարող է նվիրված լինել կիսանախագահական կառավարման ձեւին: Այս մասին NEWS.am-ին ասել է արդարադատության նախկին նախարար, ՀՀ-ի ՍԴ խորհրդական Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրել է, որ այս փուլում հանձնաժողովը ձեռնամուխ է եղել Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներին. նախնական տարբերակը նախատեսված է ավարտել օգոստոսին:

 

ԴԺԳՈՀԵԼ ԵՆ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հարկերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ երեկ հարկայինի աշխատակիցներից բողոքել է հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հակոբ Հակոբյանը` ասելով.«Հարկային տեսուչներն ինչ ուզում՝ անում են: Դեպք գիտեմ, որ անգամ 11% տարբերության վրա են կիրառել 22-րդ հոդվածը»: Ինչպես հայտնի է` ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հարկերի մասին» օրենքի հենց 22-րդ հոդվածում, որով տույժեր են կիրառվում, եթե ապրանքի իրացման գնի ու արտադրողի հաշվետվությունների մեջ գնային 20% տարբերություն է լինում: Հարկայինի աշխատանքից երեկ դժգոհել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկը): Ըստ նրա՝ ներկայիս տնտեսական դժվարին պայմաններում, երբ շատ ընկերություններ ստիպված են կա՛մ փակվել, կա՛մ աշխատողներին կրճատել, աջակցության փոխարեն ստուգումներ ու ճնշումներ են իրականացվում. «40 մթերող գործարան է փակվում, իսկ հարկայինը նստած է»: ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանն էլ նկատել է, որ 22-րդ հոդվածը սկսել է կիրառվել վերջերս. նախկինում այն չէին կիրառում:

 

ՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի՝ նախօրեի լարվածությունից հետո երեկ առաջնագծում վիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է ԼՂ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են առաջնագիծը»,- ասել է նա։




Լրահոս