Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթի սկզբում նախ անդրադարձավ երեկ կառավարության հարցուպատասխանին, որի ժամանակ տեղի ունեցածը նա անվանեց «թատերական ներկայացում»:
Զուրաբյանի խոսքով` այդ ներկայացման միակ նպատակն այն էր, որ ընդդիմությանը զրկեն կառավարությանը ժողովրդին հուզող հարցեր տալու հնարավորությունից և հարցուպատասխանի ողջ ժամանակը զբաղեցնեն հանրապետականների՝ նախապես պատրաստված գրավոր հարցերով:
«Պատահական չէր, որ ԱԺ այս քառօրյան սկսեցի՝ անդրադառնալով տնտեսության ողորմելի վիճակին: Թվերն ահավոր են. անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած` առևտրաշրջանառությունն ընկել է 28%-ով, արտահանումը՝ 25%-ով, ներմուծումը՝ 28.5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝16%-ով, իսկ 19%-ով ավելացել է գործազուրկների թիվը»,- նշեց Զուրաբյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ եթե մոտակա ամիսներին չձեռնարկվեն արատավոր համակարգը կազմաքանդելու և մրցակցություն ապահովելու արմատական քայլեր, Հայաստանին սպասվում են շատ ծանր ժամանակներ, տնտեսական փլուզում, հարվածներ մեր անվտանգությանն ու կայունությանը, որի ամբողջ պատասխանատվությունը կիսում է Սերժ Սարգսյանի իշխող ռեժիմը:
Լ. Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե երեկ` կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցածը տեղավորվում է ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակում: