Արդեն մի քանի ամիս է` ATV հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է «Վեցերորդ զգայարան» էքսպերիմենտալ հեռուստաշոուն, որի շրջանակում, ինչպես նշվում է հաղորդման ընթացքում, «սուպեր» ունակությունների տեր մարդիկ փորձում են գուշակել, թե ով է հաղորդման գաղտնի հյուրը: Պայծառատեսը, սեւ եւ սպիտակ մոգը, յոգը, հիրոմանտը վերադառնում են հյուրի անցյալ, զգում են նրա ներկան, եւ եթե դրա կարիքը կա, կարող են ուղեւորվել անգամ նրա ապագա:
«Այս մարդիկ կարողանում են դուրս գալ գիտակցության սահմաններից` քանդելով չերեւացող պատերը եւ պատռելով անտեսանելի դիմակները»,- ասվում է հաղորդման թողարկումների անոնսներում: Հեռուստադիտողները հաղորդման ընթացքում վկա են լինում խաղաքարտերով գուշակությունների, հատուկ մոգական ծեսերի, կախարդությունների: Իսկ որ ամենաուշագրավն է՝ օրերս համացանցում հայտնվեց հարղորդման հերթական անոնսը, որտեղ երեւում է, որ վեցերորդ զգայարանը գործի դնելու ժամանակ «սուպեր-մասնագետներից» մեկը եթերում հոգի է կանչել` երգիչ Արամ Ասատրյանի եւ նրա հանգուցյալ որդու հոգիները (գաղտնի հյուրը Արտաշ Ասատրյանն էր):
Ինչպես գիտենք՝ Հայ առաքելական եկեղեցին դեմ է ցանկացած տեսակի գուշակների, էքստրասենսների ու կախարդների գործունեությանը: «Իմ եւ վստահ եմ` եկեղեցու մոտեցումը մեկն է: Արդեն հայտնի է, որ գուշակություն-կախարդություններն անընդունելի են քրիստոնեության համար, հակառակ են Աստծուն, եւ, միանշանակ, սատանայի մոլություններն են: Հետեւաբար, այս հաղորդումը եւ դրա նման ամեն բան սատանայության քարոզչություն է, մարդկանց սեփական հետաքրքրասիրության հաշվին մոլորեցնելու ծուղակ, որը երբեք լավ բանի չպետք է հանգեցնի: Մարդիկ Աստծո գիրկը թողած` սատանայի ճիրանները պետք է ընկնեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:
Անդրադառնալով եթերում հոգի կանչելուն` նա նշեց, որ դա օկուլտիստական երեւույթ է, որն անհնար է «կազմակերպել»` առանց չար ուժերի հետ հաղորդակցության մեջ մտնելու. «Իսկ վտանգն այն է, որ մարդ կամա թե ակամա գործարքի մեջ է մտնում սատանայի հետ»,- եզրափակեց նա:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի պրոդյուսերներից, սակայն հեռուստաընկերությունից մեզ հայտնեցին, որ հարմար չեն գտնում այս կոնտեքստում բանավեճի մեջ մտնել եկեղեցու հետ:
Աննա Բաբաջանյան