ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՏԱՐԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում կմեկնարկի համայնքների խոշորացման գործընթացը, որին դեմ է հանրապետության համայնքապետերի մեծ մասը: Դեռեւս 2011 թվականին ՀՀ Կառավարության կողմից հավանություն էր ստացել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը, որով իբր սկիզբ դրվեց ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին:

Ըստ ՀՀ Կառավարության՝ համայնքների խոշորացման արդյունքում էապես կտնտեսվեն ծախսերը, եւ առաջիկայում կիրականացվի համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքներում անցկացնելով տեղական հանրաքվե: Այս տարի իրականացվելու է 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի դրական փոփոխություններ կարձանագրվեն այս ծրագրի իրագործման դեպքում, այսօր արդեն հայտնի է, որ համայնքների խոշորացման դեպքում աշխատանքից կզրկվեն հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը ստիպված կլքի երկիրը:
Այսպիսով՝ մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու համար՝ բնակիչները համաձա՞յն են, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով վերը նշված բնակավայրերը: Տեղեկացնենք, որ նախատեսվում է տեղական հանրաքվե նշանակել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում միավորելու հարցով: Մյուս նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզում հանրաքվե անցկացնելուն՝ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները Շինուհայրի կազմում միավորելու նպատակով: Իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներն առաջարկում են միավորել Դիլիջանի կազմում:
ՀՀ Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ հայտարարեց, որ այս հարցով որեւէ դժգոհություն, վիճելի հարցեր չկան, եւ բարեփոխումը շարունակություն է ունենալու: «Ժողովուրդ»-ը վարչապետի այս հայտարարությունից հետո համայնքների խոշորացման թեմայի շուրջ զրուցեց մի քանի գյուղապետերի հետ, ինչից պարզ դարձավ, որ գործադիր մարմինն այնքան էլ խորությամբ չի ուսումնասիրել ծրագիրը եւ նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչ տեղի կունենա այն գյուղերի հետ, որոնք պետք է միանան մյուսներին:
ՀՀ Սյունիքի մարզի Տանձատափ գյուղում այս պահին ապրում է 26 ընտանիք: Գյուղում հիմնական դպրոց կա, իսկ մանկապարտեզ՝ ոչ: Դպրոցն ունի 10 աշակերտ: Գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանի խոսքով՝ իրենց գյուղը դասվում է «մեռնող» գյուղերի շարքին, որտեղ վերջին անգամ երեխա ծնվել է 2013 թվականին: «1972 թվականին Տանձատափը Տաթեւ համայնքի հետ միացավ, իսկ 1991-ին կրկին անկախացավ: Բայց այդ միացման արդյունքում Տանձատափից 5-6 ընտանիք՝ գյուղապետարանի հաշվապահը, գյուղի էլեկտրիկը, անասնաբույժը, երեք ուսուցիչներ հեռացան ու հաստատվեցին Տաթեւում: Պետք է նշեմ, որ 1972 թվականից մինչեւ 91 թվականը Տանձատափում գրեթե ոչինչ չկառուցվեց: Միայն մի խանութ կառուցվեց, այն էլ՝ Շրջկոպի կողմից, բնականաբար, իր առեւտուրը կազմակերպելու համար: Բայց այդ ընթացքում Տաթեւում ե՛ւ դպրոց կառուցվեց, ե՛ւ մանկապարտեզ, ե՛ւ բաղնիքի, փոստի շենք, ե՛ւ բնակելի տներ, ե՛ւ բազմաթիվ այլ կառույցներ: Այնպես որ, մենք մի անգամ խոշորացման տակ ընկել ենք: Արդեն գիտենք, թե ինչ է նշանակում խոշորացում: Այն ժամանակ դեռ երկու գյուղի խոշորացում էր, իսկ հիմա 7-8 համայնքների խոշորացման մասին է խոսքը»,- ներկայացրեց գյուղապետ Մուշեղյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Շինուհայր գյուղում այս թեմայի շուրջ հանդիպումներ եւ քննարկումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում գյուղապետերը դեմ են արտահայտվել այս նախագծին եւ թվարկել են դրանից բխող վատ հետեւանքները: Սակայն նախագիծը ներկայացնող պաշտոնյաները ի պատասխան գյուղապետերի մտահոգությունների` նրանց հուսադրել են` խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի:
«Կոմունիստների ժամանակներում՝ բարեբեր տարիներին, երբ Տաթեւում էր իշխանությունը նստում, Տանձատափում ոչ մի զարգացում չգրանցվեց: Դուք հավատո՞ւմ եք, որ Շինուհայրում նստած իշխանությունը Տանձատափում ինչ-որ բան կփոխի՞»,-հետաքրքրվեց գյուղապետը:
Իսկ, ահա, Տավուշի մարզի Հովք համայնքի ղեկավար Գիրգոր Գեւորգյանը «ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահի դրությամբ գյուղի բնակիչները բացասաբար են տրամադրված եւ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու: «Եղել են քննարկումներ, հանդիպումներ, բայց միայն վատ կողմերն ենք վեր հանել ու պարզաբանել, իսկ լավ կողմերի մասին ոչ մի խոսք: Դեռ պարզ էլ չի՝ լավ կողմ կա՞, թե՞ ոչ: Մեր գյուղը սարի գլխին է, գյուղացի մարդիկ են, եւ ամեն բանի համար չէ, որ կարող են գնալ քաղաք ու ինչ-որ մի տեղեկանք, փաստաթուղթ վերցնեն: Իսկ այս նախագծի դեպքում իրենք ստիպված են լինելու երկար ճանապարհ կտրել, որպեսզի տեղեկանք վերցնեն: Կամ լինում է, որ մեկի անասունը գիշերվա ժամին հիվանդանում ու սատկում է, այդ ժամանակ հանգիստ կարող ենք գյուղապետարանի դուռը բացել ու տեղեկանք տալ: Իսկ այս դեպքերում ինչպես պետք է վարվենք, հայտնի չէ: Նաեւ արոտավայրերի օգտագործման մասով խնդիրներ են առաջանալու՝ մեր վարչական տարածքում գտնվող արոտավայրը կդառնա ընդհանուր: Դիլիջանի հարեւան գյուղերից մարդիկ անասունները կբերեն ու կասեն մերն է»,-մտահոգվեց Գեւորգյանը:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ այս կերպ գործադիրը փորձում է գյուղացիների հաշվին մարզերի քաղաքապետարաններում նոր աշխատատեղեր բացել:
Այսպիսով` համայնքների ղեկավարների կարծիքով` գործող իշխանությունը այս կերպ ոչ թե փորձում է շենացնել համայնքները, այլ դրանք դատարկում է: Չէ որ մեծ համայնքները կսկսեն զարգանալ, բայց մյուսները կմնան զուրկ. կդատարկվեն, կծերանան եւ ժամանակի ընթացքում կվերածվեն «պատմական հուշարձանների»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ներհայաստանյան քաղաքական դաշտի վերջին վերադասավորումները բնականորեն պետք է պրոյեկտվեին նաեւ մայրաքաղաքից դուրս` հանրապետության մյուս քաղաքներում: Եվ առաջին հերթին` Գյումրիում, որտեղից միանգամից ե՛ւ պատգամավորը, ե՛ւ քաղաքապետը դուրս եկան ԲՀԿ-ից: Սակայն հանրապետության երկրորդ քաղաքը, ինչպես այլ հարցերում, այստեղ եւս պահում է իր առանձնահատուկ բնույթը: Առհասարակ, Գյումրին կարելի է համարել Հայաստանի ամենաըմբոստ բնակավայրը:
Գոնե ընթացիկ տարվա իրադարձություններն ապացուցեցին, որ գյումրեցին կարող է հաշված ժամերի ընթացքում դառնալ բռունցք ու իր խոսքը հասցնել ում հարկն է, լինել ե՛ւ իրավատեր, ե՛ւ պահանջատեր՝ միաժամանակ խնդիրներ հարուցելով իշխանությունների համար: Այստեղ սակայն գործում է մի յուրօրինակություն, որ կապված է քաղաքի ներքին հասարակական-գաղափարական միջավայրի հետ: Այստեղ պաշտոնական քաղաքական ինստիտուտները եւ անձինք, կարելի է ասել, ունեն կա՛մ զրոյական, կա՛մ զրոյականին մոտ դերակատարություն: Քաղաքն ինքը ունի հասարակական գաղափարական ընկալումների իր տարբերակը, որը երկու վեկտորալ ուղղվածություն ունի դեպի քաղաքի հեղինակություններ (անվանեք նրանց թեկուզ թայֆաներ կամ կլաններ) եւ դեպի կրոնական ոլորտ: Այսինքն՝ Գյումրիում իրական հանրային վստահություն ու հարգանք ունեն քաղաքի հեղինակությունները եւ եկեղեցիականները՝ ի դեմս թեմի առաջնորդի: Ու քաղաքական փոփոխություններն այստեղ այնքանով են կարեւորվում, որքանով որ շոշափում են գյումրեցիների կողմից ընդունելի անձերին ու հեղինակություններին:
Մյուս կողմից՝ քաղաքի յուրաքանչյուր բնակչի վրա սոցիալական բեռն այնքան մեծ ծանրությամբ է ճնշում, որ գյումրեցին ո՛չ ժամանակ ունի եւ ո՛չ էլ «սիրտ ու հավես»՝ երեւանյան քաղաքական վերաձեւումներով զբաղվելու համար, իսկ թե իր համար հեղինակություն հանդիսացող պատգամավորը ինչու դուրս եկավ ԲՀԿ-ից, կոնկերտ ներքաղաքային մակարդակում մեծ բան չփոխեց: Այս ամենի հանդեպ արհամարհական, անտարբեր վերաբերմունքի ֆոնին մի բանում գյումրեցին ունի հաստատ համոզում՝ այս իշխանություններն իր մատից փուշ հանող չեն, ու սեփական գոյապայքարում ինքը միայնակ է մաքառելու: Գյումրեցին համոզված է նաեւ, որ թույլ չի տա տոկոսներ խփել ու չի ենթարկվի որեւէ տոկոս խփողի, նույնիսկ եթե նա արդեն իշխանության ղեկին է, որովհետեւ կորցնելու բան, կարելի է ասել, այլեւս չունի:
Ինչ խոսք, ներկլանային կամ ավելի նեղ խմբերի ներսում գուցեեւ որոշակի փոփոխություններ եղան Գյումրիում, սակայն համաքաղաքային մակարդակում ամեն բան պահպանում է իր արտաքին հանգիստ բնույթն ու ընթանում տասնամյակների փորձությունն անցած բնականոն հունով:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս