Այսօր ԱԺ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կրթությունը դարձնել 12 տարի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դրական գնահատեց պարտադիր կրթական շեմի բարձրացումը, սակայն նշեց, որը մի բան է ցանկությունը, մեկ այլ բան, թե ինչ հնարավորություններ ունենք, և ինչպես կարող ենք իրագործել այդ փոփոխությունը:
Թևան Պողոսյանն էլ ասաց, որ կրթության ոլորտը չպետք է փորձադաշտի վերածել: Նա հիշեց խորհրդային ժամանակները, երբ պարտադիր կրթությունը տասնամյա էր, հետո եղան փոփոխություններ կրթության ոլորտում, ինչի հետևանքով գրանցվեց ոչ թե առաջընթաց, այլ` հետընթաց:
«Այստեղ է, որ հարց է առաջանում` կարո՞ղ ենք քաղաքական կամք դրսևորել, որ կանգնեցնենք էքսպերիմենտները ու հարց տանք` արդյոք պատրա՞ստ ենք այդ էքսպերիմենտներին: 11-12 դասարաններում աշակերտները զբաղված են կողքից մասնավոր պարապմունքներով, որովհետև ներկա ժամանակներում դպրոցի նպատակը ոչ թե գիտելիք ստանալն է, այլ բուհ ընդունվելը»,- նշեց պատգամավորը:
Օրենքում կատարվելիք փոփոխությունների մասին խոսեց նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա քննադատեց մինչև 19 տարեկան քաղաքացիներին միջնակարգ կրթություն պարտադրելու դրույթը: «Սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում քաղաքացին ուզում է աշխատել եւ թքած ունի քո 12-ամյա կրթության վրա: Դու ինչո՞վ ես պարտադրելու նրան: Սա դառնալու է բյուրոկրատիայի, կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց. կխեղճացնեն քաղաքացուն, որը Հայաստանից դուրս գալու եւս մեկ պատրվակ կունենա», – ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է ապահովի, այլ ոչ թե պարտադրի անվճար կրթություն: «Կրթությունն իրավունք է, եւ իշխանությունը, պետությունը պետք է այդ իրավունքի իրացումը երաշխավորի՝ ֆինանսավորի, լիցենզիա տա, պայմանագիր կնքի՝ ցանկացած ձեւ, որով նա երաշխավորում է կրթության իրավունքի իրականացումը», – համոզված է պատգամավորը: