Տոսկանան ու Պինտոն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Տոսկանա նահանգը մարտի 25-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի հայ հայամնքի խորհուրդը,  նամակով դիմել է Իտալիայի բոլոր կարեւոր նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին՝ բանաձեւեր ընդունելու խնդրանքով։

Այս առնչությամբ Տոսկանա նահանգը մարտի 25-ին խորհրդարանական նիստում ընդունել է բանաձեւ, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։

Բանաձեւը ներկայացրել են Մաուրո Ռոմանելլին, Դանիելա Լասթրին եւ Ջանլուկա Լաձձերին։ Բանաձեւում ասվում է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի այն փոխանցեն Հայոց Ցեղասպանության թանգարան։

Իսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը»:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն




Լրահոս