ԱԺ ՀԱԿ կուսակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, խոսելով ԱԺ նիստին մամուլի արձագանքներին, նշեց, որ ըստ օրենքի` պետք է այն ամբողջությամբ ցուցադրվի`բոլոր հարցուպատասխաններով և հայտարարություններով հանդերձ։
“ԱԺ կանոնակարգ”-ի 112-րդ հոդվածի կարգով պետք է հայտարարվի մրցույթ և հաղթող հեռուստաընկերությունը պետք է ցուցադրի խորհրդարանական շաբաթը, բայց այն կարող է չորս-հինգ ամիս հետաձգվել, հետո ևս չորս-հինգ ամիս, և այդ ընթացքում օրենքի այդ կետը չի կատարվի։
“Մրցույթը դեռևս չկայացած լինելու արդյունքում եթեր չգնացին ՀԱԿ խմբակցության և մյուս խմբակցությունների սուր քննադատական ելույթները, ակտուալ հարցերը, կառավարության հետ հարց-պատասխանը։ ՀԱԿ-ը հայտարարրւթյուն է տարածել և պահանջում է ցուցադրել բոլոր հայտարարությունները և կառավարությանն ուղղված հարցերը։ Մենք սա համարում ենք ԱԺ կանոնակարգի խախտում”,-ասաց Մանուկյանը։
Խոսելով Ավան Համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում և Գյումրիում առաջադրումների մասին` ՀԱԿ-ի պատգամավորն ասաց, որ քանի-որ դեռ հստակ չէ` թափուր են տեղերը, թե` ոչ, իրենք ոչինչ ասել չեն կարող. “Հայ ազգային կոնգրեսը դեռ չի քննարկել սեփական թեկնածուներով հանդես գալու հարցը”։
Անդրադառնալով նաև Եվրախորհրդարանի կողմից երեկ ընդունված բանաձևին` ՀԱԿ պատգամավորը նշեց, որ դա ընդհանուր առմամբ համարում է նորմալ։ Նա ընդգծեց նաև, որ կան բաներ, որ կուզեր այդպիսին չլինեին, բայց ընդհանուր առմամբ լավ է։