Խախտումներ՝ MANGO խանութների ցանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՏՄՊՊՀ-ն թեժ գծի (010 54-40-04) միջոցով բազմիցս դժգոհություններ է ստանում սպառողներից՝ հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես, վերջինների վարած զեղչային քաղաքականության վերաբերյալ: Ըստ քաղաքացիների` հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Սահմանափակ ռեսուրսների պատճառով նախկինում ՏՄՊՊՀ-ն այս ոլորտում ուսումնասիրություններ չի իրականացրել: Սակայն, նկատի ունենալով խնդրի կարևորությունը սպառողների համար, մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում:
ՏՄՊՊՀ դիտարկումներով խախտում է արձանագրվել ևևՄանգոևև անվանումով խանութների ցանցում: Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50 % զեղչ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50 % զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, որը, ցուցափեղկի վրա կարդալով հայտարարությունը, այցելում է խանութ և պարզում, որ այն չի համապատասխանում իրականությանը:
 ՏՄՊՊՀ-ն անընդունելի է համարում տնտեսվարողի նման վարքագիծը, քանի որ համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններն այս ոլորտում շարունակվում են և նոր բացահայտումների դեպքում դրանք ևս կներկայացնի հանրությանը: Ա. Շաբոյանը մանրածախ առևտրի կետերին զգուշացրեց, որ վերանայեն իրենց վարքագիծը և աշխատեն արդար մրցակցային կանոններով, հակառակ դեպքում կենթարկվեն խիստ պատժամիջոցների:




Լրահոս