Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով միմյանց, երկու երկրների նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` համատեղ աշխատանքներ տանել առկա խնդիրների լուծման ուղղությամբ եւ զարգացնել հետագա փոխշահավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Արմեն Աշոտյանը բարձրացրել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների մասին նոր պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության հարցը` նշելով, որ նման պայմանագիրը կնպաստի բուհի հետագա զարգացմանը: Նախարարն առաջարկել է համալսարանին շնորհել ազգային հետազոտական համալսարանի կարգավիճակ:
Դմիտրի Լիվանովը պատրաստակամություն է հայտնել քննարկել առաջարկը` տեղեկացնելով, որ վերոնշյալ կարգավիճակ ստանալու նպատակով ՌԴ մի շարք բուհեր արդեն ընդգրկված են համապատասխան ցուցակում եւ, անցնելով մրցույթ, կստանան նշված կարգավիճակը: Ըստ Դ. Լիվանովի` Ռուսաստանը շահագրգռված է բուհերին տալ հետազոտական ուղղվածություն, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն ուսումնական, այլ նաեւ գիտահետազոտական կենտրոններ:
Նախարար Ա. Աշոտյանը բարձրացրել է Ռուսաստանի, մասնավորապես, մեծաքանակ հայազգի բնակչություն ունեցող քաղաքների (Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրապոլ, Սոչի) դպրոցներում հայոց լեզվի ուսուցման հարցը: Այդ համատեքստում ՀՀ կրթության եւ գիտության նախարարն առաջարկել է վերոնշյալ ծրագիրը կիրառել նաեւ Մոսկվայի 2 դպրոցում` պատրաստակամություն հայտնելով օժանդակել ուսուցման ծրագրի մշակման, մասնագետների վերապատրաստման եւ դասագրքերի տրամադրման հարցերում:
Դ.Լիվանովը, դրական գնահատելով վերոնշյալ նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում նշված հարցերը լուծվում են` դպրոցների ծնողների կառավարման խորհուրդների համաձայնությամբ: Նա առաջարկել է ընտրել որեւէ դպրոց եւ փորձնական ծրագրի շրջանակում կիրառել հայոց լեզվի ուսուցումը եւ, ըստ այդմ, ելնելով արդյունքներից, անցնել հաջորդ փուլին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ավագ դպրոցի կարգավիճակով ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ռուսական գիմնազիա հիմնելու հարցին:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող նախաձեռնություններ ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում: