Փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթրեթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը:

Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին: Իրավիճակը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատեց ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրեց, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է: Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում: Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում: Մեր տեղեկություններով, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով: Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչե սեփականատիրոջ փոփոխությունը: Ինչպես արդեն նշել ենք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել «ՀԷՑ»-ը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս