«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մասի պատասխանատու Սմբատ Հակոբյանը իր կամքով չի դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, այլ նրան ՔԿՀ վարչության կադրերի բաժնի պետ Հ. Նավասարդյանն է փոխանցել ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի պահանջը զեկուցագիր գրելու մասին: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը՝ Սմբատ Հակոբյանը:
Հիշեցնենք, մարտի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կ. Սարգսյանը ստուգել էր հիվանդանոցի հերթապահ մասը: Այնտեղ հայտնաբերվել եւ առգրավվել էր 250 գրամանոց պլաստմասե տարա, որում եղել էր սպիրտի հոտով հեղուկ: Հիմնարկի պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ու հենց հաջորդ օրը` մարտի 16-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մասի պատասխանատու Սմբատ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:
Ու թեեւ ՔԿՀ-ի լրատվական վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցել էին, թե Հակոբյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի զրույցում Հակոբյանն ասաց, թե իր կամքով չի ազատման զեկուցագիր գրել: «Ես ՔԿՎ-ում աշխատում եմ արդեն 12 տարի: Ամեն 4-րդ օրը մեկ որպես պատասխանատու հերթապահ եմ աշխատում: Խրախուսանքներ էլ եմ ունեցել, տույժեր էլ: Ինչպես կարող է պագոնի տակ աշխատող մարդը տույժեր չունենա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: