«Առավոտ» օրաթերթը գրում է. «2011 թվականին ծաղկեց «արաբական գարունը»՝ Թունիսում, Եգիպտոսում, իսկ այնուհետև Լիբիայում. «ժողովրդի համբերության բաժակը լցվեց», և նա դուրս եկավ «տապալելու բռնապետությունը»: Սիրիայում էլ բաժակը «լցվելու վրա էր», բայց Բաշար Ասադի «բռնապետությունը» առայսօր չի տապալվել, և «Իսլամական պետության» «դեմոկրատներն» այնտեղ առայժմ իշխանության չեն եկել:
Հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում Հայաստանի ընդդիմադիրներն այդ ժամանակ՝ հանրահավաքային ամբիոնից: Նրանք վստահություն էին հայտնում, որ Հայաստանում նույնպես ժողովուրդը, «արաբական գարնան» ոգևորիչ օրինակով, ուր որ է՜ «կտապալի բռնապետությունը» և «կվերականգնի սահմանադրական կարգը»՝ հանձնելով իշխանությունը իրենց նման «դեմոկրատներին»: Ճիշտ է, այն պահին նախատեսվում էր, որ միայն «դեմոկրատներն» են հեղափոխություն անելու և իշխելու են առանց «բուրժուաների»՝ «բուրժուաները» դեռևս «վատն էին» [հիմա էլ բոլոր շանսերն ունեն «վատը դառնալու»]: Հայաստանյան ընդդիմադիրների մոտ հատուկ տերմին կար՝ «մենք նրանց կթունիսենք», այսինքն՝ հեղափոխություն կանենք Թունիսի օրինակով: Կամ՝ Քադաֆիի օրը կգցենք:
Կարևոր չէ, որ դա Հայաստանում տեղի չունեցավ: Ավելի կարևոր է, թե որքանով «երջանիկ դարձան» հիշյալ արաբական երկրների ժողովուրդները այդ «գարնան» արդյունքում: Այնտեղ ավելի ժողովրդավարական կարգե՞ր հաստատվեցին: Մարդկանց կենսամակարդա՞կը բարձրացավ: Քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հավելյալ երաշխիքնե՞ր ստեղծվեցին: Կամ գուցե քրիստոնյաները [մասնավորապես հայերը] շահեցի՞ն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։