
Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ընտրական գործընթացի վերջում բառի բուն իմաստով փախել են: Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, ընտրությունների ավարտից հետո պահանջել է փոխել քվեարկության արդյունքները: Նա ասել է, թե ինքը ցանկանում է, որ հաղթող ճանաչվի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Գավրուշ Դավթյանը, որը բավարար թվով ձայներ չի կարողացել հավաքել: Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են արդյունքները կեղծել, արագ արձանագրություն են կազմել ու փակել ընտրատեղամասը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս ասաց, որ իր աշխատանքային ժամն ավարտվել է, ուստի մեր հարցերին չի պատասխանի: Նշենք, որ Որոտանի գյուղապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սերյոժա Ամիրխանյանը: