Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորները երեկ առաջին անգամ հանդես եկան խորհրդարանական հայտարարությունների ժամին: Այնպիսի տպավորություն էր, որ իրենց հատկացված երեքական րոպեների ընթացքում իշխանական պատգամավորները դուրս են եկել Սերժ Սարգսյանին քծնելու եւ հաճոյանալու մրցավազքի:
Հատկապես ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավորները, իրար հերթ չտալով, պարզապես փայլատակում էին խորհրդարանի ամբիոնից: Նրանց ամեն մի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նրա երկու տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, չէին կարողանում թաքցնել քմծիծաղն ու դեմքի բազմանշանակ արտահայտությունները: Օրինակ՝ ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Կարապետյանն իր պատգամավորական առաջին ելույթը սկսեց՝ ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի դեմ հարձակմամբ: Առիթն այն էր, որ Փոստանջյանն ԱԺ արտահերթ նիստում դեմ էր քվեարկել խորհրդարանի` Ադրբեջանին եւ Հունգարիային դատապարտող հայտարարությանը: Նորընտիր պատգամավորուհին սկսեց համախմբման մասին բարոյախրատական դասեր տալ: ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանն էլ, խոսելով հայ շախմատիստների օլիմպիական հաղթանակների մասին, ելույթն ավարտեց բացականչություններով. «Փառք ու պատիվ մեր պետությանը, նրա ղեկավարին ու կառավարությանը»:
Երգչուհի Շուշան Պետրոսյանի ելույթը նվիրված էր բանակի խնդիրներին. նա էլ իր հերթին սկսեց դասեր տալ լրագրողներին ու քաղաքական գործիչներին՝ հորդորելով բանակի մասին խոսելիս զգույշ լինել, որպեսզի «չթուլացնեն արծիվներին»: Իսկ Հովիկ Աբրահամյանի զարմուհին՝ Կարինե Պողոսյանը, խոսեց իշխանությունների անձնվեր գործերից մեկի՝ մանկավարժների համար սոցիալական փաթեթի ներդրման մասին:
Ու այդպես ԱԺ նիստը կվերածվեր իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի փառաբանման ու քծնանքի երեկոյի, եթե ՀՀԿ-ականների տրամադրությունը չփչացնեին ընդդիմադիրները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունների արկածախնդրության հետեւանքով ՀՀ-ն կրկին կանգնած է քաղբանտարկյալներ ունենալու վտանգի առաջ՝ նկատի ունենալով ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատավարությունն ու դատավճիռը: «Ցուցադրե՛ք, որ ընդունակ եք պետական մտածողության, մի՛ վերածվեք ժողովրդավարական ազատությունների համար պայքարող երիտասարդների դահիճների: Եւ մեզ հեքիաթներ մի պատմեք դատական իշխանության անկախության մասին, ազա՛տ արձակեք նրանց ուղիղ այնպես, ինչպես որոշել եք նրանց կալանավորել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց մարտի մեկի սպանդի բացահայտված չլինելու մասին: Ըստ նրա՝ այդ սպանդի բացահայտումը ՀՀ քաղաքացիների խնդիրն է: «2008 թվականի մարտի 1-ին մարդասպանները չեն կրակել կոնկրետ անուն-ազգանունով մարդու վրա…2008 թվականի մարտի 1-ին վարչախումբը կրակել է հանուն ազատության եւ Սահմանադրության պայքարող քաղաքացու վրա»,-շեշտեց պատգամավորը: Իսկ ԱԳ նախկին նախարար Ալիկ Արզումանյանն ընթերցեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի առաջին հոդվածը, որտեղ նշված է, թե այդ օրենքի խնդիրն է «պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալական սեփականությունը», եւ այլն եւ այլն: Ընդ որում, այդ տերմինաբանությունն առկա է օրենսգրքի առաջին գլխում ամբողջությամբ: «Վե՛րջ տվեք զավեշտին… Ամոթ է: Սա մեր ամոթն է, սա Հայաստանի անկախ Հանրապետությունն է»,-ասաց նա:
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ