Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը Բաղրամյան 26-ի հաճախորդներն են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության անդամների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` այս մասին նշեց համանուն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նույն կուսակցության մեկ այլ անդամ Զարուհի Փոստանջյանը կոշտ քննադատության էր ենթարկել իր կուսակիցներին և նշել, թե հավանաբար վերջիններս այնտեղ էին գնացել որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ:
Նա նշեց, թե ՀՀ նախագահին հանդիպելու որոշումը պետք է հարգել, քանի որ այն արդեն եղել է և արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ: «Եթե ուզում ենք մի բան փոխել, պետք է ներկայացնենք մեր ծրագրերը: «ժառանգություն»-ը շուտ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների կարիքը», – նշեց նա` ընդգծելով, որ եթե այդ առաջարկներն ընդունվեն, միգուցեև կարելի է շարունակել հետագա բանակցությունները:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ներսում առկա խնդիրներին և հատկապես Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի լարված հարաբերություններին, Թ. Պողոսյանը նշեց, թե իր կարծիքով նրանց հարաբերություններն աշխատանքային են: «Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասեց, որ խնդիրներն անցել են աշխատանքային դաշտ: Երևի այն հատուկ կուսակցություններից է, որ կա և ներքին ժողովրդավարություն, և որոշումները կայացվում են թիմային», – ընդգծեց Պողոսյանը: