2015թ. փետրվարի 12-18-ին Սերժ Սարգսյանին հաջողվեց վերացնել ներքաղաքական դիմադրության բեւեռը եւ ապահովել սահմանադրական փոփոխությունների անխոչընդոտ ընթացքը ներքին ճակատում: Սեփական իշխանության պահպանման համար նա, բավականին սուր գրոհի անցնելով, դուրս եկավ իր քաղաքական ձեռագրի շրջանակներից: Հենց այս տրամաբանության մեջ է պետք հասկանալ Սարգսյանի՝ մարտի 13-ին հնչեցրած խոսքը մասնագիտական հանձնաժողովի առաջ, որը կարեւոր հանգրվան է այս փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզում:
Նախ եւ առաջ նկատենք, որ ներքաղաքական հարաբերություններում Սարգսյանի վերջին զարկը տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ մի քանի կուսակցությունների հետ անցկացված խորհրդակցություններով: Այն պահից ի վեր, երբ Սարգսյանը հրապարակայնորեն որոշեց քաղաքականությամբ զբաղվողների կրթական աստիճանը, ակնհայտ դարձավ, որ նրան բնավ չի հետաքրքրում այլոց կարծիքը: Ուստի միանգամայն անմեղսունակ են թվում նրա հետ հանդիպածների՝ «փոխադարձ ընկալումների ու քննարկումների» մասին լալահառաչ նվաղումները:
Լուսանկարվելուց եւ հեռուստատեսությամբ համապատասխան կադրեր պտտելուց զատ՝ այդ հանդիպումները ոչ մի գործնական նշանակություն պարզապես չէին կարող ունենալ: Այնուհանդերձ, Սարգսյանը հենց դրանք որպես պատրվակ օգտագործեց սահմանադրական փոփոխությունների «Հայեցակարգին» իր քաղաքական հավանությունը տալու հարցում: Ուշագրավ է, որ այս անգամ Սերժ Սարգսյանն արտահայտում է իր «մտահոգությունները», որոնք կարծես չկային ո՛չ նախորդ տարի, ո՛չ էլ առավել եւս փետրվարի 12-ին, երբ նա հայտարարում էր. «Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ եւ իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել եւ չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը եւ սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար»:
Այնուամենայնիվ, այժմ պարզվում է, որ Սարգսյանը մտահոգություններ ունի կառավարման համակարգի փոփոխության խնդրի կապակցությամբ եւ լավ չի պատկերացնում, թե «առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը»: Անշուշտ, չկայացած կուսակցական համակարգի պայմաններում, խորհրդարանական կառավարման համակարգն օրինաչափորեն ինքնին անկայունության օջախ է:
Խորհրդարանական կառավարմամբ բոլոր նորմալ պետություններում գոյություն ունի նվազագույնը երկու կուսակցություն, որոնք իրենց մասշտաբներով, ազդեցությամբ ու պատրաստվածությամբ ունակ են ապահովելու պետության անվտանգության ու պոզիտիվ պարտականության գործառույթը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Ճապոնիան, քաղաքական 2-3 ուժերը դարձել են պետական համակարգի առանցքային դերակատարները: Ինստիտուտի վերածված կուսակցական համակարգի առկայությամբ էլ մեծ հաշվով կարգավորվել է պետական-հասարակական կարգի կայունության հիմնախնդիրը: Խիստ կարեւոր է հասկանալ, որ առանց կայացած ու ազդեցիկ քաղաքական ուժերի խորհրդարանական կառավարումը հղի է տարատեսակ վտանգներով եւ պետականության ավանդույթի դեֆիցիտ ունեցող մեզ նման երկրներում իսկական պատուհաս կարող է դառնալ, որից, ի դեպ, ազատվելը առավել քան բարդ է լինելու:
Դիտարկենք Հայաստանում ստեղծված իրավիճակը. օրինակ՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀՇ-ն անչափ թուլացավ, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո «Միասնություն» դաշինքը քայքայվեց, Կարեն Դեմիրճյանից հետո ՀԺԿ-ն ավերակի վերածվեց, ԱԺՄ-ն ու Կոմկուսը խայտառակ մասնատումների ենթարկվեցին: Ավանդական կուսակցություններից հիշարժան է միայն ՀՅԴ-ն, որի ընտրազանգվածը թեեւ կայուն է, սակայն խիստ նվազ՝ 4-6 տոկոս, ուստի այն չի կարող հավակնել խոշոր կուսակցության պատվանդանին: Իսկ կես միլիոն ձայն ստացած ԲՀԿ-ն այսօր լավագույն դեպքում 5 տոկոս կստանա: Ի դեպ, ՀՀԿ-ն եւս նույն ճակատագրին է արժանանալու իշխանությունը կորցնելուց հետո:
Հետաքրքիր է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով՝ բավականին հեղհեղուկ վիճակում է գտնվելու ուժային կառույցների հիմնահարցը: Անկախության ձեւավորման շրջանում՝ օրինաչափորեն, իսկ հետո՝ արհեստականորեն, Հայաստանում մեծ դերակատարություն ստացան ուժային կառույցները: Եթե պետականության հիմնադրման ժամանակ այդ կառույցները ղեկավարվում էին այնպիսի ազդեցիկ գործիչների կողմից, ինչպիսիք էին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, ապա 2000-ական թթ. այդ կառույցներում նշանակվում էին հիմնականում թույլ ֆիգուրներ՝ բացառապես վերնախավի իշխանավարությունն ապահով դարձնելու համար: Ներկայումս ուժային կառույցները գտնվում են Սարգսյանի ենթակայության ներքո, սակայն նրա կողմից ԱԺ նախագահության ստանձնման պարագայում հարցը հրատապ լուծման կարիք է զգալու: Որքան էլ Սարգսյանը կարողանում է այսօր իր ձեռքը պահել ազդեցության զարկերակի վրա (գերազանցապես նախագահի իրավազորությամբ պայմանավորված), միեւնույն է, ցանկացած վարչապետ, ում կենթարկվեն ուժային նախարարները, միանգամից սկսելու է իշխանությունն իրենով անելու գործընթացը:
Հիշենք, որ Ռ. Քոչարյանն էլ էր Ս. Սարգսյանի նախագահության սկզբնական շրջանում իրեն զգում ամենակարողի դիրքերում, մինչդեռ այսօր արդեն նրան քաղաքական լուծումներին մոտ չեն թողնում: Ուստի հիմնավոր է թվում այն ենթադրությունը, որ իր անվտանգությունն ապահովելու համար Սարգսյանը կա՛մ կդրժի հրապարակային խոստումն ու կդառնա վարչապետ (նախագահ), կա՛մ էլ ուժայիններին սահմանադրորեն իրեն կենթարկի:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Շարունակելի