Վաչե Թովմասյանը` սկանդալային թողարկման ու «պոշլի» հումորի մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիտամին» հումորային ակումբի անդամ Վաչեն (Վաչե Թովմասյան) այն համոզման է, որ հայերս, ի տարբերություն այլ ազգերի, չենք սիրում սեւ հումոր. մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք: Նրա խոսքով` մենք տանել չենք կարողանում նաեւ, այսպես ասած, «պոշլի» հումորը, այսինքն` սեքսուալ թեմաներով համարձակ հումորները: Այս մասին Վաչեն հայտնել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում` անդրադառնալով նաեւ հանրությանը հետաքրքրող մի շարք այլ հարցերի:

-Վաչե՛, ակումբային հումորը Հայաստանում որակի բարձրացման, ժանրային բազմազանության առումով զարգացման ի՞նչ փուլում է:

-Եթե այս հարցն ինձ ուղղեիք տարիներ առաջ, ես կասեի, որ առաջընթաց չկա, սակայն այսօրվա դրությամբ նկատում եմ, որ ակումբային հումորը Հայաստանում աստիճանաբար զարգացում է ապրում, ինչն ուրախալի է: Նկատելի է, որ Հայաստանում մեծ ճանաչում վայելող փաբերում շաբաթվա մեկ օրը նվիրվում է stand up շոուներին, եւ հայտնվել են բազմաթիվ սթենդափերներ, որոնց թվում կան կիրթ շոու անողներ, ովքեր նոր շունչ են հաղորդում ոլորտին:

1(20)

-Անմիջական շփման մեջ լինելով հայ հանդիսատեսի հետ` նրանց արձագանքներից պետք է որ կռահած լինեք` որ թեմաներով հումորն է մարդկանց համար ընդունելի եւ որը` ոչ: Առհասարակ, ո՞ր թեմաներն են ամենապահանջվածը:

-Քանի որ հումորն ունի սուբյեկտիվիզմի մեծ տարր, հնարավոր չէ անել կամ ասել մի բան, որը ծիծաղելի կլինի անխտիր բոլորի համար: Լավագույն դեպքում կարող ես ձգտել անել հնարավորինս շատ մարդկանց գրավող հումոր: Ես կարող եմ ասել, թե ինչը ծիծաղելի չէ հայ հանդիսատեսի համար: Հայերս, ի տարբերություն, օրինակ, ռուսների, չենք սիրում սեւ հումոր. մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք:

Մենք տանել չենք կարողանում նաեւ, այսպես ասած, «պոշլի» հումորը, այսինքն` սեքսուալ թեմաներով համարձակ հումորները. սա արդեն մենթալիտետի խնդիր է, եւ, գուցե, լավ է, որ դա կա: Մենք, իհարկե, մեզ թույլ ենք տալիս անել սեքսին առնչվող թեմաներով փոքրիկ հումորիկներ, բայց կա մի սահման, որը չենք անցնում:

403872_178339065600615_827718166_n

-Իսկ ինչո՞ւ է «Վիտամին»-ում բացակայում քաղաքական հումորը:

-Առաջին հերթին հենց մենք չենք ուզում, որ այն լինի: Առանց այն էլ այսօր ամեն քայլափոխի խոսում են քաղաքականությունից, իսկ մենք փորձում ենք անել հնարավորը, որ մարդիկ «անջատվեն» այդ իրականությունից, ոչ թե մեկ անգամ եւս ընկղմվեն քաղաքական հորձանուտում:

textim_1343985964_7653582_ts1343987856

-Կան մի քանի հայտնի անձինք, որոնց «Վիտամին» ակումբը պարբերաբար անդրադառնում է: Օրինակ` Արման Բարդումյանը, Անդին, Էմին Դավիդովը եւ այլք: Ձեզանից չե՞ն նեղանում:

-Առհասարակ, մենք որեւէ մեկին նեղացնելու միտում չունենք: Օրինակ` Արման Բարդումյանին նախկինում ուրիշ հումորային ծրագրեր ավելի շատ են անդրադարձել, այդ թեման կարելի է համարել հնացած. նա ասպարեզում չէ, անգամ մեր միջոցով իրեն եթեր է տրամադրվել, ինչի համար նա շատ ուրախ էր եւ շնորհակալ: Էմին Դավիդովին էլ այլեւս չենք անդրադառնում, իսկ Անդին, օրինակ, ներկա է եղել Լոս Անջելեսի մեր համերգներին. աշխատում ենք ոչ ոքի չնեղացնել: Եթե ուշադիր լինեք՝ «աստղային հումորն», առհասարակ, քչացել է մեզ մոտ, այնքան շատ աստղերի ենք հրավիրել, որ «սպառվել են»:

-Վերջերս համացանցում լայն տարածում գտավ ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ նկարահանված հաղորդման հոլովակը: Որոշ կարծիքներ հնչեցին, ըստ որոնց՝ Դուք Ձեր հյուրերին ծաղրելով` դիտելիություն եք ապահովում եւ սենսացիա անում, ի՞նչ կասեք:

07-17-141796860453-voreyah

 

-Առհասարակ, մենք աշխատում ենք հրավիրել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց բնագավառում հետաքրքիր են: Լիանան, լինելով աղջիկ հանդիսավար, թամադա, հետաքրքրեց մեզ: Մինչ հաղորդումը նրա հետ ծանոթ չենք եղել եւ պատկերացում չենք ունեցել, թե մինչեւ ուր կարող է հասնել: Այն, ինչ տեսել է հեռուստադիտողը, իմպրովիզացիա էր, ընդ որում, նա տեսել է կատարվածի 40 տոկոսը: Կարծում եմ` տվյալ դեպքում հաջողվել է ուրախ, հումորային հաղորդում ստանալ:

-Վաչե՛, անձամբ Ձեր մասին մարդկանց կարծիքները բավական ծայրահեղ են. նրանք կա՛մ շատ են սիրում Ձեզ, կա՛մ տանել չեն կարողանում, ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ:

-Իմ կարծիքով միջակություն լինելուց վատ բան չկա: Իսկ Ձեր տված ինֆորմացիային կարձագանքեմ այն ժամանակ, երբ այն կմարսեմ, ասենք` մոտավորապես 3 տարի հետո (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան




Լրահոս